1-ին տեսակի դիաբետ ունեցող մարդիկ չորս անգամ ավելի հաճախ են հիվանդանում միզապարկի քաղցկեղով․ DRCP

21 նոյեմբերի, 2025  14:34

1-ին տեսակի դիաբետ ունեցող մարդիկ ավելի շատ են ենթակա միզապարկի քաղցկեղով հիվանդանալուն, քան կարծում էին մինչ այժմ։ Այսպիսի եզրակացության են եկել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները՝ ամփոփելով առաջին համակարգային հետազոտությունը, որը հաշվի է առել ծխելու՝ այս հիվանդության գլխավոր գործոնի ազդեցությունը։ Աշխատանքը հրապարակվել է Diabetes Research and Clinical Practice (DRCP) ամսագրում։

Միզապարկի քաղցկեղի դեպքերի մոտ կեսը պայմանավորված է ծխելով։ Պատճառների մնացած կեսը քիչ է ուսումնասիրված։ Ավելի վաղ կատարված հետազոտություններն ակնարկում էին 2-րդ տեսակի դիաբետի հնարավոր կապը միզապարկի քաղցկեղի հետ, սակայն 1-ին տեսակի  դիաբետի դեպքում նման կապ չէին գտել մինչեւ այժմ։

Ինչպես նշել են հեղինակները, նախորդ բոլոր աշխատանքները ընդհանուր թերություն են ունեցել․ ոչ մի հետազոտությունում ծխելու ազդեցությունը լրիվ չափով չի հաշվառվել։ Դա կրիտիկական է, քանի որ ծխախոտը միզապարկի քաղցկեղի հզորագույն ռիսկ է, եւ առանց դրա հաշվառման անհնար է առանձնացնել դիաբետի ազդեցությունը  ծխելու ազդեցությունից։

Հետազոտողները ենթադրել են, որ 1-ին տեսակի դիաբետ ունեցող մարդիկ կարող են ավելի քիչ ծխել, քան բնակչությունը միջին հաշվով, քանի որ մանկությունից ապրում են ծանր հիվանդությամբ եւ ավելի հաճախ են հետեւում առողջ ապրելակերպին։ Դա կարող էր «քողարկել» հենց դիաբետի ազդեցությունը։

Այս վարկածն ստուգելու համար աշխատանքի առաջատար հեղինակ, հանրային առողջապահության մագիստրոս Հելենա Օսքույ Բենեթը տվյալներ է հավաքել ծխելու տարածվածության մասին այն երկրներում, որտեղ կատարվել են մեկնարկային հետազոտությունները, ներառյալ ԱՀԿ տվյալները։ Վերլուծությունը հաստատել է․ ծխելու տարբերությունները իսկապես թաքցրել են իրական վտանգը։ Ծխելու վերաբերյալ ճշտումներից հետո պարզ է դարձել, որ 1-ին տեսակի դիաբետ ունեցող մարդիկ միզապարկի քաղցկեղով հիվանդանում են 4,29 անգամ ավելի շատ։

Կապի կենսաբանական մեխանիզմները առայժմ պարզված չեն, բայց հեղինակները կասկածում են, որ 1-ին տեսակի դիաբետը կարող է փոխել պրոցեսները բջիջներում եւ հյուսվածքներում՝ նպաստելով ուռուցքի աճին։ Եթե այդպես է, ուրեմն գլյուկոզայի մանրակրկիտ վերահսկողությունը եւ հիվանդության կառավարումը կարող են նվազեցնել ռիսկը։ Բացի այդ, հետազոտողները չեն բացառում, որ դիաբետը եւ ծխելը կարող են ուժեղացնել միմյանց բացասական ազդեցությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում