Ճարպոտ սնունդը խաթարում է աղիների և ուղեղի միջև կապը․ NN

2 դեկտեմբերի, 2025  16:35

Ճարպոտ սննդի քրոնիկական օգտագործումը քիմիական խափանում է առաջացնում, որը խզում է աղիքի և ուղեղի միջև կապը։ Միջազգային գիտնականների խմբի տվյալներով՝ հագեցած ճարպերի ավելցուկը կտրուկ բարձրացնում է աղինքերում սերոտոնինի մակարդակը, բայց միաժամանակ սպառում է ուղեղում դրա պաշարները, այն հատվածներում, որոնք պատասխանատու են տրամադրության, հիշողության և ախորժակի վերահսկման համար։ Աշխատանքը հրապարակվել է Nutritional Neuroscience (NN) ամսագրում։

Սերոտոնինի մոտ 95%-ը սինթեզվում է աղիքում, որտեղ այն կարգավորում է սննդի շարժումը և արյան հոսքը։ Մնացած մասը, որը կրիտիկականորեն փոքր է, ապահովում է ուղեղի աշխատանքը՝ ազդելով հույզերի, ուսուցման և հագեցվածության զգացման վրա։ Այս երկու համակարգերը մշտական երկխոսություն են պահպանում «աղիք-ուղեղ առանցքի» միջոցով։ Վերանայման հեղինաները փորձել են հասկանալ, թե ինչպես է ճարպոտ դիետան քայքայում այդ երկխոսությունը։

Աղիքի բջիջները՝ էնտերոքրոմաֆինային բջիջները, առանցքային դեր են խաղում։ Ճարպոտ սննդի ազդեցության տակ դրանք սկսում են սինթեզել սերոտոնինի ավելցուկային քանակություն, քանի որ այս գործընթացը գործարկող ֆերմենտներն ակտիվանում են ավելի ուժեղ, քան սովորաբար։ Զուգահեռաբար, խախտվում է փոխադրիչ սպիտակուցների աշխատանքը, որոնք պետք է «հեռացնեն» ավելորդ սերոտոնինը։ Արդյունքում, աղիքը լցվում է այս մոլեկուլով, իսկ դրա ավելցուկը հրահրում է բորբոքում և լորձաթաղանթի վնասում։ Աղիքի պատը դառնում է ավելի թափանցիկ և արյան մեջ են անցնում այն միացությունները, որոնք նորմայում չպետք է լքեն մարսողական ուղին։

Միևնույն ժամանակ, ուղեղում հակառակ իրավիճակն է զարգանում։ Հիպոկամպում՝ հիշողության և էմոցիոնալ կայունության գոտում, սերոտոնինն արագորեն քայքայվում է։ Պատճառը մոնոամինօքսիդազ A ֆերմենտի ուժեղացված ակտիվությունն է, որը «վերամշակում է» նեյրոմիջնորդները ավելի արագ, քան ուղեղը հասցնում է դրանք օգտագործել։ Ի վերջո, ուղեղն ավելի վատ է ճանաչում հագեցվածությունը, ինչը գործարկում է չափից շատ ուտելու գործընթացը և մետաբոլիկ խափանումները։

Հեղինակների կարծիքով՝ խանգարումների ողջ շղթայի գլխավոր միջնորդը կարող է լինել աղիքի միկրոբիոտան։ Առողջ բակտերիաներն արտադրում են կարճ շղթայական ճարպաթթուներ, որոնք պաշտպանում են ուղեղը և կարգավորում սերոտոնինի փոխանակության ֆերմենտները։ Ճարպոտ սնունդը աղքատ է բջջանյութով և օգտակար բակտերիաները չեն ստանում բավարար սննդանյութեր։ Պաշտպանական թթուների՝ մասնավորապես ացետատի և բուտիրատի մակարդակը նվազում է։ Արդյունքում, խախտվում է սերոտոնինի ընկալիչների զգայունությունը և բորբոքումն աճում է։

Լրացուցիչ դեր են խաղում ախորժակի հորմոնները՝ լեպտինը և գրելինը։ Ճարպոտ դիետան փոխում է դրանց կոնցենտրացիաները և խախտում սերոտոնինի հետ համաձայնեցված աշխատանքը։ Կորտիզոլի բարձր մակարդակը, որը բնորոշ է այն մարդկանց, ովքեր պարբերաբար ճարպոտ սնունդ են օգտագործում, նույնպես ուժեղացնում է սերոտոնինի քայքայումը, քանի որ այս հորմոնն ակտիվացնում է դրա քայքայման ֆերմենտները։

Ի վերջո, ինչպես ընդգծել են հետազոտողները, օրգանիզմը հայտնվում է կրկնակի հարվածի վիճակում. աղիքը բորբոքված է և լի սերոտոնինով, իսկ ուղեղը զգում է դրա քրոնիկ պակասը։ Սա հանգեցնում է կպչուն քաղցի, քաշի ավելացման, ստրեսի նկատմամբ կայունության նվազման և էմոցիոնալ խանգարումների, որոնք, իրենց հերթին հետագայում առաջացնում են չափից շատ ուտելու ցանկություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում