ԱՆ ենթակայությամբ գործող մարզային և երևանյան բուժհաստատությունների ղեկավարների հետ առցանց խորհրդակցություն արեցինք` նախնական ամփոփելու ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողների առաջին երկու ամիսների աշխատավարձերի ցուցանիշները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նախնական արձանագրումները.
Ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 տոկոսով: Նեղ մասնագետների աշխատավարձերը միջինում բարձրացել են 50 տոկոսից մինչև կրկնակիի չափով: Պոլիկլինիկաների հոգեբույժների, ֆթիզիատրների, մանկական սրտաբանների, համաճարակաբանների և մանկական գինեկոլոգների աշխատավարձերը մի մասում կոմպենսացվել են ԲԿ-ների կողմից կամ ջանքեր են ձեռնարկվում ապահովելու խորհրդատվությունների տրամադրումը: Առաջիկայում կներկայացնենք վերապրոֆիլավորման և մի քանի այլ միջոցառումներ` լուծելու խնդիրը:Տարվում են աշխատանքներ` լուծումներ գտնելու, որպեսզի հաջորդ ամիսներից արդեն աշխատավարձի բարձրացում արձանագրեն նաև այս նեղ մասնագետները:
ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կենտրոնների բուժքույրերի և մայրապետերի աշխատավարձերի վերաբերյալ կդիտարկվի մեկ միասնական ձևաչափ:
Առցանց հանդիպմանը մասնակցել են ԱՆ ենթակայության մարզային և երևանյան 55 բուժկենտրոնի ղեկավարներ», - գրել է նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում