Մելանոման՝ մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակը, կարող է զարգանալ ոչ միայն լողափին կամ սոլյարիում, այլև առօրյա կյանքում՝ աշխատանքի գնալիս, զբոսնելիս կամ նույնիսկ պատուհանի մոտ նստած ժամանակ։ Ինչպես հայտնում է Medical Xpress-ը, իրականացված նոր հարցման արդյունքում նմանատիպ եզրահանգման է եկել Մելանոմայի հետազոտության դաշինքը։ Պարզվել է, որ մարդիկ դեռևս հստակ չեն պատկերացնում արևի ճառագայթների վտանգներն ու արևապաշտպան միջոցների ճիշտ օգտագործումը։
Կազմակերպության գլխավոր տնօրեն Մարկ Հերլբերտի խոսքով՝ թեև մարդկանց 80%-ը գիտի, որ արևը վնասում է մաշկն ու մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը, նրանցից միայն մեկ երրորդից քիչն է կանոնավոր կերպով պաշտպանվում արևից։
Հարցվածների միայն կեսն է դրսում գտնվելիս արևապաշտպան քսուք օգտագործում, իսկ առօրյա իրավիճակներում՝ օրինակ՝ զբոսնելիս կամ մեքենա վարելիս, մաշկը պաշտպանում է ընդամենը 38%-ը։
Միևնույն ժամանակ, մարդկանց մեծ մասը չի գիտակցում, որ արևի տակ նույնիսկ կարճատև, բայց պարբերական գտնվելը կուտակային ազդեցություն է ունենում և մեծացնում հիվանդանալու հավանականությունը։
Մեկ այլ խնդիր էլ արևապաշտպան միջոցների հանդեպ անվստահությունն է. հարցվածների մոտ 60%-ը մտահոգված է դրանց քիմիական բաղադրիչների հնարավոր վնասներով, ինչը հաճախ սոցիալական տիրույթում տարածվող լուրերի ազդեցության արդյունք է։
Բժիշկները շեշտում են, որ արևապաշտպան քսուքները վերահսկվում են նույն խստությամբ, ինչ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցները, և ճիշտ օգտագործման դեպքում լիովին անվտանգ են։
Հատկանշական է, որ մուգ մաշկ ունեցող հարցվածների 33%-ը կարծում է, թե արևապաշտպան միջոցների կարիք չունի, թեև մելանոման կարող է զարգանալ ցանկացած գույնի մաշկ ունեցող մարդկանց մոտ։
Կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին մելանոմայով հիվանդացության դեպքերը կարող են աճել ավելի քան 10%-ով։
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել լայն սպեկտրի (UVA և UVB) պաշտպանությամբ և SPF 30 կամ ավելի բարձր մակարդակ ունեցող միջոցներ, ինչպես նաև կանոնավոր կերպով հետևել մաշկին՝ խալերի, պեպենների ու բծերի հայտնվելն ու փոփոխությունները բաց չթողնելու համար։
Հարցումն անցկացվել է առցանց ձևաչափով՝ մարտի վերջից ապրիլի սկիզբն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է ԱՄՆ-ի շուրջ 2000 չափահաս բնակիչ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում