• Latest news

Սրտի իշեմիկ հիվանդությունից մահերի մոտ 90 տոկոսը կապված է ռիսկի կանխարգելվող գործոնների հետ

26 հուլիսի, 2026  12:35

Միացյալ Նահանգներում սրտի իշեմիկ հիվանդությունից (ՍԻՀ) մահերի տասից գրեթե ինը կապված է մոդիֆիկացվող կամ կանխարգելելի ռիսկի գործոնների հետ։ Այս եզրակացության են եկել JAMA Cardiology ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները։ Չնայած վերջին երեք տասնամյակների ընթացքում մահացության զգալի անկմանը՝ գիտնականները զգուշացնում են, որ ճարպակալումը և արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը դառնում են սիրտ-անոթային մահացության ավելի ու ավելի նշանակալի պատճառներ։

Սրտի իշեմիկ հիվանդությունը, որը հայտնի է նաև որպես սրտի կորոնար հիվանդություն, առաջանում է սրտի կորոնար զարկերակներում աթերոսկլերոտիկ բշտերի կուտակման պատճառով, ինչը խաթարում է արյան հոսքը սրտամկան։ Հետազոտողների գնահատմամբ՝ 2021 թվականին աշխարհում ավելի քան 254 միլիոն մարդ ապրել է այս հիվանդությամբ։

Հեղինակները վերլուծել են Global Burden of Disease 2023 հետազոտության տվյալները, որն ընդգրկում է 1990-2023 թվականները, և գնահատել են ռիսկի 12 մոդիֆիկացվող գործոնների ազդեցությունը։ Դրանք ներառում են խոլեստերինի ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակ, բարձր զարկերակային ճնշում, ճարպակալում, գլյուկոզայի բարձր մակարդակ քաղցած ժամանակ, ծխելը, ալկոհոլի օգտագործումը, ֆիզիկական անբավարար ակտիվությունը, օդի աղտոտվածությունը և կապարի ազդեցությունը։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ 2023 թվականին Միացյալ Նահանգներում սրտի իշեմիկ հիվանդությունից մահացել է մոտավորապես 473 հազար մարդ, ինչը 58.7 տոկոսով պակաս է 1990 թվականի համեմատ։ Սակայն հետազոտողները հաշվարկել են, որ այդ մահերի 88.7 տոկոսը պայմանավորված է ռիսկի եղել կանխարգելելի գործոններով։

2023 թվականին սրտի իշեմիկ հիվանդությունից մահացության ամենամեծ պատճառներն են եղել բարձր սիստոլիկ զարկերակային ճնշումը, որը կապված է եղել մահացությունների 47.2 տոկոսի հետ, ոչ ճիշտ սննդակարգը (38.6 տոկոս) և խոլեստերինի ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակը (28.5 տոկոս)։

Միևնույն ժամանակ, ռիսկի գործոնների պրոֆիլը զգալիորեն փոխվել է վերջին 30 տարիների ընթացքում։ Եթե ծխելու ազդեցությունն աստիճանաբար նվազել է, ապա մարմնի զանգվածի բարձր ինդեքսի հետ կապված մահացությունն աճել է 12.5 տոկոսով, իսկ քաղցած վիճակում գլյուկոզայի բարձր մակարդակի հետ կապված՝ 10.5 տոկոսով։ Հեղինակների խոսքով՝ այս գործոններն այժմ սրտի իշեմիկ հիվանդությունից մահացության պատճառների շարքում ցուցաբերում են աճի ամենաարագ տեմպը։

Հետազոտողներն ընդգծել են, որ ռիսկի գործոնների մեծ մասը երկար ժամանակ ընթանում է առանց ախտանշանների, ինչը կարևոր է դարձնում կանոնավոր բուժզննումները և խանգարումների ժամանակին հայտնաբերումը։

Հետազոտությանը չմասնակցած սրտաբանները նշել են, որ արդյունքները լիովին համապատասխանում են կլինիկական պրակտիկային: Չնայած ծխելու դեմ պայքարում ձեռք բերված առաջընթացին՝ ճարպակալման և դիաբետի սրընթաց աճող տարածվածությունը դառնում է հիմնական սպառնալիքներից մեկը սիրտ-անոթային մահացության հետագա կրճատման համար։

Մասնագետների կարծիքով՝ մարմնի նորմալ զանգվածի պահպանումը, առողջ սննդակարգը՝ հագեցած ճարպերի և բարձր վերամշակված սննդամթերքների սահմանափակմամբ, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, զարկերակային ճնշման, խոլեստերինի ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակի և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկումը, ինչպես նաև ծխելը թողնելը օգնում են նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը: Փորձագետները կարծում են, որ մահացության հետագա նվազումը հնարավոր է միայն հենց իրենց՝ պացիենտների, առողջապահության համակարգի և կանխարգելման պետական ծրագրերի համատեղ ջանքերով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll