Johnson & Johnson-ը հայտարարել է, որ շուրջ 5,5 միլիարդ դոլար կվճարի՝ տասնյակ հազարավոր հայցեր կարգավորելու համար, որոնցում պնդվում է, թե ընկերության մանկական ցանափոշին և տալկ պարունակող այլ ապրանքները ձվարանի քաղցկեղ են առաջացրել։ Այս համաձայնությունը կարող է վերջ դնել տասնամյակ տևած դատական քաշքշուկին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ընկերության հայտարարության համաձայն՝ համաձայնագիրն ընդգրկում է շուրջ 76 000 հայց, այդ թվում՝ Նյու Ջերսիի դաշնային դատարանում միավորված և նահանգային դատարաններում քննվող հարակից գործերը, ինչը գործնականում ներառում է ընկերության դեմ տալկի վերաբերյալ մնացած բոլոր պահանջները։ Ավելի վաղ Johnson & Johnson-ն արդեն կարգավորել էր հայցերի մեծ մասը, որոնցում պնդվում էր, թե տալկը ասբեստ է պարունակել և մեզոթելիոմա առաջացրել։
Հայցվորների իրավաբանական ընկերությունները հաստատել են գործարքը՝ այն անվանելով տասնամյա դատական վեճի արժանապատիվ ավարտ։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար այն պետք է ընդունվի նահանգային կամ դաշնային դատարաններում ձվարանի քաղցկեղի գործերով հայցվորների 95%-ի կողմից։
Johnson & Johnson-ի դատական վեճերի հարցերով փոխնախագահ Էրիկ Հաասն անհիմն է անվանել պահանջները, սակայն նշել է, որ ընկերությունը պատրաստ է հարթել վեճը՝ քննությանն ավարտ տալու համար։ Ընկերությունը նախատեսում է 3 միլիարդ դոլար վճարել 2027 թվականին և շարունակել վճարումները 2028 թվականին, սակայն վերջնական գումարը կարող է աճել՝ կախված համաձայնագրի մասնակիցների թվից․ բանակցություններին մասնակցած հայցվորների փաստաբան Քրիս Սիգերի խոսքով՝ վճարումները կարող են հասնել 7 միլիարդ դոլարի և ավելիի։
Համաձայնությունը ձեռք է բերվել ընկերության մի շարք դատական հաղթանակներից հետո, ներառյալ առանձին պրոցեսներում տարած հաղթանակները և հայցվորների վկայակոչած փորձագետների դեմ կայացված որոշումները։ Անցյալ շաբաթ դաշնային դատավորը նույնպես կասկածի տակ էր դրել հայցվորների այն պնդումը, թե հենց տալկն է եղել իրենց հիվանդության պատճառը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում