100-ամյա ծնողների զավակները․ ինչո՞վ են նրանք տարբերվում մյուսներից

27 օգոստոսի, 2026  18:25

Այն մարդիկ, որոնց ծնողներից թեկուզ մեկը հասել է 100 տարեկանի, կյանքի տևողության ու առողջական վիճակի ակնհայտ առավելություն ունեն: Նրանք զգալիորեն ավելի քիչ են ենթակա վաղաժամ մահվան, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների ու հիպերտոնիայի ռիսկին, ընդ որում՝ այս օրինաչափությունը պահպանվում է նույնիսկ ապրելակերպը, կրթական մակարդակն ու սոցիալական դիրքը հաշվի առնելուց հետո:

«JAMA Network Open» ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները նման եզրահանգման են եկել «LonGenity», «New England Centenarian Study» և «UK Biobank» երկարաժամկետ ծրագրերի տվյալների վերլուծության արդյունքում: Հետազոտությանը մասնակցել է 100-ամյա ծնողների 2329 զավակ և ստուգիչ խմբի 2703 ներկայացուցիչ, որոնց ծնողները չեն ապրել 85 տարուց ավելի, կամ էլ հենց իրենք են եղել երկարակյացների զավակների ամուսինները:

Արդյունքները բավականին տպավորիչ են: Կարճ կյանք ունեցած ծնողների զավակների համեմատությամբ՝ հարյուրամյա անձանց ժառանգները ցանկացած տարիքում 42 տոկոսով ավելի ցածր մահացություն ունեն, իսկ սիրտ-անոթային խնդիրներով ու հիպերտոնիայով տառապելու հավանականությունը նրանց մոտ ցածր է համապատասխանաբար 33 և 32 տոկոսով: Բացի այդ, նրանց մոտ տարիքային հիվանդությունները շատ ավելի ուշ են ի հայտ գալիս․ օրինակ՝ հիպերտոնիան զարգանում է միջինում հինգ տարի, իսկ մահը վրա է հասնում մոտ երեք տարի ավելի ուշ:

Գիտնականները հատուկ ստուգել են նաև, թե արդյոք այս ամենը պարզապես առողջ սովորությունների հետևանք է, թե ոչ: Հաշվարկներում ներառելով ծխելու, ալկոհոլի, ֆիզիկական ակտիվության, սննդակարգի, կրթության և սոցիալ-տնտեսական վիճակի գործոնները՝ պարզվել է, որ երկարակյացների զավակների առավելությունները միևնույն է պահպանվում են: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ էական դեր են խաղում նաև ժառանգական կենսաբանական առանձնահատկությունները, որոնք օգնում են օրգանիզմին ավելի երկար դիմակայել ծերացմանը:

Այնուամենայնիվ, բոլոր հիվանդություններից համապարփակ վահան գոյություն չունի: Օրինակ՝ կաթվածի ռիսկի նվազման հստակ օրինաչափություն չի արձանագրվել, քանի որ նման ազդեցություն նկատվել է ուսումնասիրված երեք աղբյուրից միայն երկուսում, իսկ քաղցկեղի պարագայում որևէ էական առավելություն չի գրանցվել:

Աշխատության նպատակը երկարակեցության համար պատասխանատու կոնկրետ գեները բացահայտելը չէր, սակայն նման ընտանիքները յուրօրինակ «պատուհան» են բացում առողջ ծերացման կենսաբանությունն ուսումնասիրելու համար: Եթե հաջողվի պարզել այն մեխանիզմները, որոնց շնորհիվ հարյուրամյա մարդիկ պահպանում են առողջությունը, ապագայում հնարավոր կլինի դրանք վերարտադրել դեղորայքային ճանապարհով՝ օգնելով նաև նրանց, ովքեր չունեն նման ժառանգականություն:

Միևնույն ժամանակ, հետազոտողները հիշեցնում են, որ լավ ժառանգականությունը չի նվազեցնում կենսակերպի դերը: Ճիշտ սնվելը, շարժուն լինելն ու վատ սովորություններից հրաժարվելը նույնքան կարևոր են, որքան նրանց ծնողների տարիքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում