Ալկոհոլը քաղցկեղից կրկնակի ավելի շատ մարդկանց կյանք է խլում․ ԱՄՆ-ում նման մահերի թիվն աճել է 33 տարվա ընթացքում

3 սեպտեմբերի, 2026  20:38

ԱՄՆ-ում ալկոհոլի օգտագործման հետ կապված քաղցկեղից մահվան դեպքերի թիվը երեք տասնամյակի ընթացքում կրկնապատկվել է՝ 1990 թվականի 11,4 հազարից 2023-ին հասնելով 23,1 հազարի։ Ընդ որում, ալկոհոլը կապված է նաև այլ հիվանդությունների հետ․ միջին տարիքի անձանց շրջանում այն առնչվում է տղամարդկանց մոտ կոլորեկտալ քաղցկեղից, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղից մահացության բարձր ցուցանիշների հետ։ Նման եզրահանգման են եկել Մայամիի համալսարանի Sylvester Comprehensive Cancer Center ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողները։ Արդյունքները հրապարակվել են The Lancet Regional Health – Americas ամսագրում։

Գիտնականները վերլուծել են Global Burden of Disease-ի 1990-2023 թվականների հատվածի համար առանձնացված տվյալները։ Ալկոհոլի հետ կապված մահվան դեպքերի ամենամեծ թիվը բաժին է ընկել տղամարդկանց և 55-ից բարձր տարիքի անձանց, սակայն աճ է նկատվել տարիքային խմբերի մեծ մասում և քաղցկեղի տարբեր տեսակների պարագայում։

Հատկապես մտահոգիչ են եղել ավելի երիտասարդ չափահասների՝ 20-ից 54 տարեկանների շրջանում ստացված արդյունքները։ Այս տարիքային խմբի տղամարդկանց մոտ կոլորեկտալ քաղցկեղը ալկոհոլի օգտագործման հետ կապված մահվան հիմնական պատճառն է։ Կանանց մոտ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, իսկ կոլորեկտալ քաղցկեղը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երկու խմբերում էլ այս հիվանդությունները շրջանցել են լյարդի քաղցկեղին։

Բարձր տարիքի անձանց մոտ պատկերն այլ է եղել։ Տղամարդկանց շրջանում ալկոհոլի հետ կապված ամենաբարձր մահացությունը բաժին է ընկել լյարդի քաղցկեղին, որին հաջորդել են կերակրափողի և կոլորեկտալ քաղցկեղները։ Կանանց մոտ այս վիճակագրության մեջ հիմնական տեսակը շարունակել է մնալ կրծքագեղձի քաղցկեղը։

Ալկոհոլը Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության կողմից ճանաչվել է առաջին խմբի քաղցկեղածին․ նույն կարգում են ներառված, օրինակ, ծխախոտի ծուխն ու ասբեստը։ Գիտական տվյալներն ալկոհոլի օգտագործումը կապում են կրծքագեղձի, լյարդի, կերակրափողի, աղիների, ինչպես նաև գլխի և պարանոցի որոշ օրգանների քաղցկեղի հետ։

Հետազոտողները նշում են, որ հանրությունն առաջվա պես անհամեմատ ավելի լավ է տեղեկացված ալկոհոլի և լյարդի հիվանդությունների կապի մասին, քան քաղցկեղի այլ տեսակների զարգացման գործում նրա հնարավոր դերի վերաբերյալ։

Հեղինակները շեշտում են, որ ալկոհոլը ռիսկի փոփոխելի գործոն է։ Սպառման այն ճշգրիտ չափաբաժինը, որը քաղցկեղի առաջացման տեսանկյունից կարելի է լիովին անվտանգ համարել, դեռևս սահմանված չէ, սակայն ալկոհոլի օգտագործման կրճատումը կարող է նվազեցնել առողջության վրա նրա հնարավոր բացասական ազդեցությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում