Ծխելու վնասակար ազդեցությունները վաղուց հայտնի և գիտականորեն ապացուցված են։ Սակայն վերջին տարիներին հայտնվել են նիկոտին պարունակող նոր արտադրատեսակներ, որոնք առողջական ազդեցությունների ամբողջական գնահատման համար դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ կլինիկական և երկարաժամկետ հետազոտություններ։ Այս համատեքստում հայ հետազոտողների կողմից իրականացված նոր ուսումնասիրությունը համեմատել է ծխողների, տաքացվող ծխախոտային արտադրանք օգտագործողների և չծխողների բերանի խոռոչի առողջական վիճակը՝ գնահատելով ինչպես կլինիկական, այնպես էլ հյուսվածաբանական փոփոխությունները։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույց հետազոտության հեղինակի՝ Պրոֆ․ Վահե Ազատյանի հետ, ով պատմում է ուսումնասիրության արդյունքների և դրանց նշանակության մասին։
Դուք վերջերս հրապարակել եք հետազոտություն, որը համեմատում է ավանդական ծխախոտ ծխողների և նորարարական ծխախոտային արտադրանք օգտագործողների բերանի խոռոչի առողջական վիճակը։ Ի՞նչն էր այս հետազոտության իրականացման շարժառիթը, և կարո՞ղ եք համառոտ ներկայացնել, թե ինչ է ներառել հետազոտությունը։
Ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր խնդիր։ Թեև ծխելու վնասակար ազդեցությունները լավ ուսումնասիրված և հաստատված են, հետաքրքրությունը շարունակում է աճել՝ հասկանալու համար, թե նոր արտադրատեսակներն ինչպես կարող են ազդել օրգանիզմի վրա։ Մենք ցանկանում էինք գնահատել, թե արդյոք գոյություն ունեն ակնհայտ տարբերություններ բերանի խոռոչի հյուսվածքներում՝ ծխողների և տաքացվող ծխախոտ օգտագործողների միջև։ Քանի որ բերանի խոռոչն անմիջականորեն ենթարկվում է ծխի և աերոզոլի ազդեցությանը, այն հարմար միջավայր է նման ազդեցություններն ուսումնասիրելու համար։ Մենք գնահատել ենք երեք խմբերի բերանի խոռոչի առողջական վիճակը՝ ծխողների, բացառապես տաքացվող ծխախոտային արտադրանք օգտագործողների և չծխողների։ Մասնակիցներն անցել են բերանի խոռոչի կլինիկական զննություն, իսկ ծխախոտ օգտագործողներից մի մասի մոտ իրականացվել է նաև հյուսվածքային նմուշների պաթոմորֆոլոգիական հետազոտություն։ Սա մեզ հնարավորություն է տվել գնահատել ինչպես տեսանելի փոփոխությունները, այնպես էլ հյուսվածքներում առկա պաթոմորֆոլոգիական փոփոխությունները։
Որո՞նք էին հետազոտության հիմնական արդյունքները։
Հետազոտությունը ցույց տվեց, որ ինչպես ավանդական ծխախոտը, այնպես էլ տաքացվող ծխախոտային արտադրանքները բացասաբար են ազդում բերանի խոռոչի առողջության վրա։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրված խմբում ծխողների մոտ բերանի խոռոչի հյուսվածքային փոփոխություններն ավելի հաճախակի էին և ավելի արտահայտված, քան տաքացվող ծխախոտային արտադրանք օգտագործողների մոտ։ Բորբոքման նշանները, հյուսվածքների ֆիբրոզը, արյունատար անոթների փոփոխությունները և շարակցական հյուսվածքի կառուցվածքային խանգարումները էապես ավելի հաճախ էին հանդիպում ծխողների շրջանում։ Տաքացվող ծխախոտային արտադրանք օգտագործողների մոտ նույնպես դիտվել են բացասական փոփոխություններ, սակայն դրանք ընդհանուր առմամբ ավելի քիչ էին արտահայտված։
Ի՞նչ հիմնական ուղերձ կցանկանայիք, որ հանրությունը ստանար այս ուսումնասիրությունից։
Ամենակարևոր ուղերձն այն է, որ ծխախոտի օգտագործումն ազդում է առողջության վրա, և որևէ ծխախոտային արտադրանք չպետք է դիտարկվի որպես անվնաս։ Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ բերանի խոռոչի հյուսվածքային փոփոխություններն ավելի արտահայտված էին ավանդական ծխախոտ ծխողների շրջանում, սակայն միանշանակ է, որ առողջության համար լավագույն ընտրությունը ծխախոտից լիովին հրաժարվելն է։ Միևնույն ժամանակ, նմանատիպ գիտական հետազոտությունները շարունակում են կարևոր դեր խաղալ տարբեր արտադրատեսակների ազդեցությունները հասկանալու և հանրային առողջության վերաբերյալ քննարկումներն առավել տեղեկացված դարձնելու գործում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում