Կորտիզոլի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ ճանաչողական ունակությունները հաջորդ 11 տարիներին ավելի արագ են վատթարանում, մինչդեռ նրանց մոտ, ում օրգանիզմում սթրեսի հորմոնի տատանումներն օրվա ընթացքում ավելի արտահայտված են, այդ գործընթացն ավելի դանդաղ է ընթանում։ Նման եզրահանգման են եկել Ռաշի համալսարանի գիտնականները՝ ուսումնասիրելով շուրջ 3,9 հազար տարեցների տվյալները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։
Կորտիզոլն արտադրվում է սթրեսից հետո, իսկ դրա խտությունը սովորաբար փոխվում է օրվա ընթացքում։ Այն առավոտյան բարձրանում է, իսկ երեկոյան՝ իջնում։ Գիտնականները չափել են մասնակիցների թքի մեջ հորմոնի պարունակությունը առավոտյան, կեսօրին ու երեկոյան, ապա ցուցանիշները համադրել նրանց ուղեղի աշխատանքի փոփոխությունների հետ։
Chicago Health and Aging Project ծրագրի շրջանակում հետազոտողները 11 տարի հետևել են 3895 տարեցների (միջին տարիքը՝ 76)։
Պարզվել է, որ կորտիզոլի ամենաբարձր ցուցանիշներով մասնակիցների մոտ ճանաչողական ֆունկցիաներն ավելի արագ են նվազել։ Միևնույն ժամանակ, օրվա ընթացքում հորմոնի մակարդակի մեծ տատանումները զուգորդվել են հիշողության ավելի դանդաղ վատթարացմամբ։
Ցուցանիշները տարբերվել են նաև ըստ ռասայական խմբերի․ սևամորթ մասնակիցների մոտ կորտիզոլի խտությունն ընդհանուր առմամբ ավելի ցածր է եղել, իսկ օրական տատանումները՝ պակաս արտահայտված, քան սպիտակամորթների մոտ։ Այնուամենայնիվ, հորմոնի մակարդակի և ճանաչողական ֆունկցիաների միջև կապ է նկատվել երկու խմբերում։
Հետազոտողների խոսքով՝ կորտիզոլը կարող է ազդել ուղեղի վրա, քանի որ հեշտությամբ հաղթահարում է հեմատոէնցեֆալիկ պատնեշը և կապվում կոգնիտիվ գործընթացների համար պատասխանատու ընկալիչներին։ Հորմոնի մակարդակի ու դրա օրական դինամիկայի տարբերությունները կարող են վկայել երկարատև սթրեսի ազդեցության մասին։
Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունը չի հաստատում, թե կորտիզոլի միջոցով կարելի է կանխատեսել Ալցհեյմերի հիվանդությունը։ Հեղինակների ընդգծմամբ՝ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե հորմոնալ երկարատև տատանումներն ինչպես են ազդում ուղեղի ծերացման վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում