• Latest news

Ամազոնիայի երկու բնիկ համայնքներում դեմենցիայի նկատմամբ անսովոր կայունություն են արձանագրել․ A&D

21 սեպտեմբերի, 2026  14:26

Բոլիվիական Ամազոնիայի երկու բնիկ համայնքներում դեմենցիայի անսովոր ցածր ցուցանիշ է արձանագրվել: Հետազոտությանը մասնակցած տարեցների շրջանում հինգ տարվա ընթացքում հիվանդությունը զարգացել է 2%-ից էլ քիչ դեպքերում, մինչդեռ ԱՄՆ-ում և Եվրոպայում դեմենցիայի տարածվածության ցուցանիշները երեքից չորս անգամ բարձր են: Արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia (A&D) ամսագրում:

Գիտնականները հետևել են «ցիմանե» և «մոսետեն» համայնքների 730 չափահաս բնակիչների, որոնք հետազոտության սկզբում դեմենցիա չեն ունեցել: Հինգ տարվա ընթացքում ախտորոշումը հաստատվել է 22 մասնակցի մոտ: Ընդ որում, մարդկանց մի մասը մահացել է մինչև հետազոտության ավարտը, որի պատճառով գիտնականները հաշվի են առել նաև տարեց բնակիչների շրջանում բարձր մահացությունը:

Ցիմանեները մոտ 17 հազար բնակիչ ունեցող ժողովուրդ են, որոնք զբաղվում են որսորդությամբ, ձկնորսությամբ ու գյուղատնտեսությամբ և վարում են ֆիզիկապես ակտիվ ապրելակերպ: Մոսետենները գենետիկորեն և լեզվական առումով մոտ են ցիմանեներին, սակայն նրանց համար խանութները, մաքուր ջուրը և բժշկական օգնությունն ավելի հասանելի են:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ դեմենցիայի ցածր ցուցանիշը կարող է կապված լինել ապրելակերպի առանձնահատկությունների հետ: Երկու ժողովուրդների ներկայացուցիչների շրջանում էլ անոթային հիվանդությունների ռիսկի գործոնները, այդ թվում՝ ճարպակալումը, հիպերտոնիան և շաքարային դիաբետը, ավելի քիչ են տարածված: Այնուամենայնիվ, հետազոտությունը ուղղակի կապ այս առանձնահատկությունների և դեմենցիայից պաշտպանվածության միջև չի հաստատել:

Գենետիկական ռիսկի գործոնները նման են եղել զարգացած երկրներում նկատվող ցուցանիշներին: Տարեց տարիքը և APOE ε4 գենի տարբերակի առկայությունը մեծացրել են դեմենցիայի զարգացման հավանականությունը:

Ընդ որում, Ամազոնիայի բնակիչների մոտ հիվանդությունը հաճախ տարբերվել է Ալցհեյմերի տիպիկ հիվանդությունից: Շատ պացիենտների մոտ հայտնաբերվել են անոթային խանգարումների, կաթվածների նշաններ, ինչպես նաև Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ փոփոխություններ: Բիոմարկերների վերլուծությունը նույնպես ի հայտ է բերել նեյրոդեգեներացիայի (նյարդային համակարգի քայքայման) և բորբոքման նշաններ:

Հետազոտողները նշում են, որ դեմենցիայի ցածր տարածվածությունը չի կարելի բացատրել միայն ապրելակերպով. ախտորոշումից հետո մասնակիցների կյանքի տևողությունը երկուսից երեք անգամ ավելի կարճ է եղել, քան ԱՄՆ-ում, իսկ մահվան ռիսկն ավելի քան վեց անգամ գերազանցել է ճանաչողական խանգարումներ չունեցող մարդկանց ցուցանիշը:

Հետագա աշխատանքներում գիտնականները ծրագրում են պարզել, թե որքանով են սնունդը, ֆիզիկական ու սոցիալական ակտիվությունը, գենետիկան և իմունային համակարգի աշխատանքի առանձնահատկություններն ազդում դեմենցիայի նման անսովոր ցածր ռիսկի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll