Կանաչ վարսակի (Avena sativa L.) քաղվածքը կարող է պաշտպանել աչքերը քնի քրոնիկ պակասով պայմանավորված չորությունից։ Նման եզրահանգման են եկել Չունշանի բժշկական համալսարանի (Թայվան) գիտնականները՝ մկների վրա անցկացված փորձարկման արդյունքում։ Հետազոտությունը հրապարակվել է «Food & Function» ամսագրում։
16 օրվա ընթացքում կենդանիներին ենթարկել են քնի մասնակի զրկման, ինչի հետևանքով նրանց մոտ նվազել է արցունքահեղուկի արտադրությունը և խախտվել արցունքաշերտի կայունությունը։ Գիտնականներն այս փոփոխությունները կապում են արցունքագեղձերի և մայբոմյան գեղձերի աշխատանքի վատթարացման հետ։ Առաջինները պատասխանատու են արցունքի արտադրության համար, իսկ երկրորդներն արտազատում են ճարպանյութեր, որոնք կանխում են դրա արագ գոլորշիացումը։
Փորձարկման հինգերորդ օրվանից սկսած՝ մկների մի մասն օրական երկու անգամ ստացել է կանաչ վարսակի ստանդարտացված քաղվածք՝ տարբեր դոզավորումներով։ Հավելումն ստացած կենդանիների մոտ արցունքահեղուկի արտադրությունն ավելացել է, իսկ արցունքաշերտը դարձել է առավել կայուն՝ համեմատած քնի պակաս ունեցող այն մկների հետ, որոնք քաղվածք չեն ստացել։
Գիտնականները կանաչ վարսակի քաղվածքը բնութագրում են որպես պոլիֆենոլներով հարուստ նյութ։ Այս բուսական միացությունները վերականգնել են արցունքագեղձերում cAMP → AQP5 ազդանշանային ուղին, ինչի շնորհիվ բարելավվել է արցունքարտադրությունը։ Միաժամանակ, պոլիֆենոլներն ազդել են մայբոմյան գեղձերում PPAR-γ → FASN ուղու վրա, որը կապված է արցունքաշերտի լիպիդների ձևավորման հետ։
Հեղինակները նշում են, որ արդյունքները վկայում են քնի խանգարման հետ կապված աչքերի չորության դեպքում կանաչ վարսակի հնարավոր պաշտպանական հատկությունների մասին։ Այնուամենայնիվ, ազդեցությունը դեռևս ցուցադրվել է միայն կենդանիների վրա, որի պատճառով հնարավոր չէ ճշգրտորեն պնդել, թե քաղվածքը մարդկանց շրջանում կունենա լիովին նույնական ազդեցությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում