Աղջիկներն ու տղաները տարբեր կերպ են ընկալում աշխարհը ծնված պահից․ Springer Nature

22 սեպտեմբերի, 2026  14:09

Քեմբրիջի համալսարանի հոգեբանները ցույց են տվել, որ ուշադրության սեռային տարբերությունները նկատելի են ծնված պահից․ նորածին աղջիկներն ավելի երկար նայում են մարդկանց դեմքերին, իսկ տղաները՝ առարկաներին։ 130 նորածնի մասնակցությամբ հետազոտությունը հրապարակվել է «Biology of Sex Differences» ամսագրում։

Ծնվելուց հետո առաջին իսկ ժամերին փոքրիկներին կողք կողքի ցուցադրել են երկու տեսանյութ՝ մարդու շարժվող դեմք և Նյուտոնի ճոճանակ (ծանրության ուժից ճոճվող մետաղական գնդիկներ)։ Բոլոր երեխաները, անկախ սեռից, ավելի հաճախ նայել են դեմքին։ Այնուամենայնիվ, աղջիկները դրան հատկացրել են իրենց ժամանակի մեծ մասը, իսկ տղաներն ավելի երկար հետևել են գնդիկներին։

Քանի որ փորձն անցկացվել է ծննդաբերությունից ընդամենը ժամեր անց՝ նախքան կենսափորձն ու սոցիալական ակնկալիքները, տարբերությունների հիմքում ընկած են եղել ներարգանդային գործոնները՝ հորմոնների մարդակն ու գեները։

Այս աշխատանքը 2000 թվականի հետազոտության կրկնությունն է, որը նույնպես իրականացրել էին Քեմբրիջի հոգեբանները, բայց ավելի քան երկու տասնամյակ ոչ ոք չէր փորձել կրկնել․ նորածինների հետ փորձեր անելը չափազանց բարդ է։ Այն ժամանակ պատկերը նույնն էր։ Այս անգամ պայմաններն ավելի են խստացրել․ երեխաների հայացքը ֆիքսել են ավելի հուսալի մեթոդով, իսկ տեսանյութերը վերլուծել են մասնագետներ, որոնք չեն իմացել ոչ երեխայի սեռը, ոչ էլ այն, թե ուր է նա նայում (կանխակալ կարծիքներից ազատվելու համար)։

Միևնույն ժամանակ, գիտնականները զգուշացնում են ուղղակի հետևություններ անելուց։ «Այս տարբերությունները չեն վերաբերում յուրաքանչյուր տղայի կամ աղջկա․ դրանք երևում են միայն խմբերի միջին համեմատության դեպքում։ Յուրաքանչյուր սեռի ներսում կան բազմաթիվ շեղումներ ու համընկնումներ»,- նշել է հետազոտող Քերրի Էլլիսոնը։ Ավելի վաղ նույն թիմը ցույց էր տվել, որ ուղեղի կառուցվածքային տարբերությունները նույնպես ձևավորվում են նախքան ծնվելը․ այժմ դրանց ավելացան նաև ուշադրության և վարքագծի տարբերությունները։

Հեղինակները հույս ունեն, որ ամենավաղ սեռային տարբերությունների ակունքները հասկանալը կօգնի պարզել նեյրոբազմազանությունն ու աուտիզմը, որը տղաների մոտ ախտորոշվում է մոտ երկու անգամ ավելի հաճախ, քան աղջիկների։ Այժմ թիմն իրականացնում է մասնակիցների երկարատև դիտարկում՝ պարզելու, թե ինչպես են վաղ տարբերություններն ազդում հետագա զարգացման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում