Ավելի քան տասը տարի գիտնականները ստեղծում էին այնպիսի սոսինձ, որը կմիացնի կոտրված ոսկորներն ու ժամանակի ընթացքում կվերածվի նոր ոսկրային հյուսվածքի, գրում է Medical Xpress-ը։
Այժմ այս նորարարությունն առաջին անգամ կիրառվել է մարդու վրա. օգոստոսի սկզբին Անգլիայում ծնկի վիրահատության ժամանակ օգտագործել են ոսկրային սոսինձ։
Պացիենտը դարձավ կլինիկական հետազոտության առաջին մասնակիցը, որը պետք է գնահատի այս նյութի արդյունավետությունը հոդերին մոտ գտնվող կոտրվածքների դեպքում։
Մշակումն ավելի քան տասը տարի առաջ սկսել են Ուպսալայի համալսարանի գիտնականներ Հոքան Էնգքվիստն ու Ֆիլիպ Պրոկտերը։ Ներկայում պատրաստուկի ստեղծմամբ զբաղվում է իռլանդական Biomimetic Innovations Ltd. ընկերությունը, իսկ նյութի նախնական տարբերակը ստեղծել էին Էնգքվիստը, Պրոկտերը և Ջերարդ Ինսլին՝ Օնգստրյոմի լաբորատորիայում։
«Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես է աշխատանքն առաջ գնում և վերջապես հասնում մի փուլի, երբ արդեն կա կլինիկական փորձարկումներ անցնող իրական արտադրանք», — նշել է նյութագիտության ամբիոնի կիրառական նյութագիտության պրոֆեսոր Էնգքվիստը։
Գիտնականները երկար ժամանակ ընտրում էին սոսնձի այնպիսի բաղադրություն, որն ի վիճակի կլիներ հուսալիորեն միացնել ոսկրերի բեկորները։ Առաջին փորձարկումներն արվել են սպանդանոցից բերված կովի ոսկորների վրա։ Միացության ամրությունն ապացուցելու համար հետազոտողները սոսնձել են ոսկորները, կախել դրանք խնձորենուց ու վրան ջրով լի դույլեր ամրացրել։
«Օնգստրյոմի լաբորատորիայում մենք զբաղվում էինք քիմիական բաղադրությամբ և տարբեր փորձարկումներ էինք անում, որոնք ցույց էին տալիս, որ ոսկրային բեկորները կարելի է այնքան ամուր միացնել, որ դրանք հուսալիորեն կպած մնան», — պատմել է Էնգքվիստը։
Նյութը բաղկացած է ջրի հետ խառնված կալցիումի ֆոսֆատից և ֆոսֆոսերինից։ Ստացված զանգվածը կպչուն է, արագ պնդանում է և շատ ամուր միացություն է ստեղծում։
Ընդ որում, սոսինձն ընդմիշտ չի մնում օրգանիզմում։ Կալցիումի ֆոսֆատը բնական ճանապարհով առկա է ոսկրային հյուսվածքի մեջ, իսկ ֆոսֆոսերինն օրգանիզմի կողմից արտադրվող մոլեկուլ է։ Աստիճանաբար նյութը քայքայվում է և փոխարինվում նոր ոսկրային հյուսվածքով։
Ուպսալայի համալսարանում մանր կենդանիների վրա անցկացված փորձարկումները հաստատեցին այս նորարարության արդյունավետությունը։ Դրանից հետո Biomimetic Innovations-ը սկսեց ավելի լայնածավալ հետազոտություններ։ Այժմ ընկերությունը Լիդսի համալսարանի կլինիկական հիվանդանոցի հետ համատեղ ստուգում է նյութի ազդեցությունը պացիենտների վրա։
Առաջին կլինիկական հետազոտությունը վերաբերում է հոդերին մոտ գտնվող կոտրվածքներին, որոնց ժամանակ հոդի հարևանությամբ գտնվող ոսկրի հատվածը ոչ միայն ճաքում է, այլև ճզմվում։ Արդյունքում առաջանում է խոռոչ, որն անհրաժեշտ է լցնել՝ վնասված հատվածը վերականգնելու համար։
«Կենսանյութերի մասնագետների համար սա երազանք է՝ մշակումը հանել լաբորատորիայից ու վերջապես ստուգել՝ արդյոք այն աշխատում է իրականում», — ասել է Biomimetic Innovations-ի հիմնադիր և Ուպսալայի համալսարանի Նյութագիտության և ինժեներիայի ամբիոնի պրոֆեսոր Պրոկտերը։ Նրա խոսքով՝ այժմ վիրաբույժները կկարողանան գնահատել, թե որքանով է նյութը պիտանի գործնական կիրառման համար և արդյոք հետագա կատարելագործման կարիք ունի։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day