✕

Թուրքիայում բուժառուին վիրահատելիս խողովակ են տեղադրել աջի փոխարեն ձախ ականջին. İHA

28 սեպտեմբերի, 2026  19:32

Թուրքական Գեբզե քաղաքի բնակիչ Մուրատ Թարաքչին հայտարարել է, որ Թուզլա շրջանի մասնավոր համալսարանական հիվանդանոցում վիրահատման ենթակա աջ ականջի փոխարեն խողովակ են տեղադրել ձախ ականջին, ինչից հետո նույն օրը նրան կրկին վիրահատել են ընդհանուր անզգայացման տակ, հայտնում է İHA գործակալությունը։

«Չնայած այն հանգամանքին, որ հետազոտության արդյունքները հստակ ցույց էին տալիս աջ ականջի վրա միջամտության անհրաժեշտությունը, վիրահատեցին ձախ ականջս։ Վիրահատությունից հետո ձախ ականջիս ուժեղ ցավ զգացի և աշխատակիցներից հարցրի, թե որ ականջս են վիրահատել։ Ինձ պատասխանեցին, որ ձախը։ Այդ ժամանակ ես նրանց հայտնեցի, որ սխալ են թույլ տվել»,- պատմել է Թարաքչին։

Նրա պատմելով՝ սխալը հայտնաբերելուց հետո վիրաբուժական բրիգադը կրկին հավաքվել է, և բուժառուին նույն օրը կրկին ուղարկել են վիրահատության՝ ընդհանուր անզգայացման տակ, այս անգամ՝ աջ ականջի վրա միջամտություն կատարելու համար։

Թարաքչին հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում երկու վիրահատությունն իր համար տրավմատիկ փորձառություն են դարձել։ Նա նշել է, որ չգիտեր, թե երկրորդ միջամտության ժամանակ իրեն կոնկրետ ինչ պրոցեդուրաների են ենթարկել։

Վիրահատություններից հետո բուժառուն, իր ասելով, բախվել է ականջներում անդադար աղմուկի ու զանգի, լսողության վատթարացման և հավասարակշռության խախտման հետ։

Թարաքչիի փաստաբան Հաքան Յըլդըզը հայտարարել է, որ սկսել է իրավական գործընթաց և տեղի ունեցածը որակել է որպես «սխալ կողմի վիրահատություն»։ Նա նշել է, որ բոլոր բժշկական փաստաթղթերում նշված է եղել աջ ականջը, սակայն միջամտությունն սկզբում կատարել են ձախի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում