• Latest news▼

Բջջային մուտացիաների կուտակման արագությունը կարող է որոշել քաղցկեղի զարգացման ռիսկը. CanRes

5 հոկտեմբերի, 2026  18:46

Բջջային մուտացիաների կուտակման արագությունը կարող է լինել քաղցկեղի զարգացման ռիսկը որոշող գործոններից մեկը. որոշ մարդկանց մոտ դրանք կուտակվում են զգալիորեն ավելի արագ, քան մյուսների մոտ: Նման եզրակացության են հանգել Տրանսլյացիոն գենոմիկայի հետազոտությունների ինստիտուտի (TGen) և City of Hope բժշկական կենտրոնի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Cancer Research բժշկագիտական հանդեսում:

Հետազոտողները համեմատել են յոթ օրգանների՝ միզապարկի, հաստ աղիքի, կերակրափողի, լյարդի, թոքերի, շագանակագեղձի և ստամոքսի առողջ և ուռուցքային հյուսվածքների ԴՆԹ-ն: Նրանք վերլուծել են նորմալ հյուսվածքների հարյուրավոր և ուռուցքային հյուսվածքների հազարավոր նմուշների տվյալներ:

Միջինում քաղցկեղային բջջներում հայտնաբերվել է ավելի քան չորս անգամ շատ մուտացիա, քան առողջներում: Այնուամենայնիվ, տարբերությունները նկատելի էին նաև առանց քաղցկեղի մարդկանց շրջանում. նույնիսկ հաշվի առնելով տարիքը՝ առողջ մասնակիցներից ոմանց հյուսվածքներում մուտացիաների քանակը մինչև ութ անգամ բարձր էր, քան մյուսների շրջանում:

Հեղինակները ենթադրում են, որ դա կարող է բացատրել, թե ինչու մոտավորապես նույն տարիքում որոշ մարդկանց օրգանիզմում քաղցկեղ է զարգանում, իսկ մյուսների օրգանիզմում՝ ոչ: Ըստ, այսպես կոչված, «պոչի հիպոթեզի»՝ գոյություն ունի մարդկանց փոքր խումբ, որոնց մոտ մուտացիաներն ավելի արագ են կուտակվում: Որքան շատ նման փոփոխություններ են ժամանակի ընթացքում հայտնվում բջջջներում, այնքան բարձր է ուռուցքի զարգացումը գործարկելու ընդունակ մուտացիաների առաջացման հավանականությունը:

Հետազոտողները համեմատել են այդ միտքը երկու այլ բացատրությունների հետ. ըստ առաջինի՝ լրացուցիչ մուտացիաներ են առաջանում քաղցկեղային փոփոխությունների ի հայտ գալուց հետո, իսկ ըստ մյուսի՝ դրանց կուտակումը կապված է գենոմի հազվադեպ մասշտաբային վնասվածքների հետ: Ընդսմին, հենց «պոչի հիպոթեզն» էր առավելագույնս համապատասխանում ստացված տվյալներին:

Գիտնականները դեռ չգիտեն, թե ինչու են որոշ մարդկանց օրգանիզմում մուտացիաներն ավելի արագ կուտակվում: Նրանց կարծիքով՝ դրանց կուտակման արագության գնահատումն ապագայում կարող է օգնել բացահայտել քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող մարդկանց դեռևս ուռուցքի ի հայտ գալուց առաջ և նրանց համար կանխարգելման ավելի անհատականացված ռազմավարություններ մշակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll