• Latest news▼

Դեմենցիայի ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է քնել յոթ-ութ ժամ. PLOS One

7 հոկտեմբերի, 2026  20:48

Դեմենցիայի ռիսկը նվազեցնելու համար ավելի լավ է քնել օրական յոթ-ութ ժամ. և՛ շատ կարճ, և՛ շատ երկար քունը կապված են հիվանդության առաջացման հավանականության մեծացման հետ։ Նման եզրակացության են հանգել Կանադայի Յորքի համալսարանի գիտնականները՝ ամփոփելով տասնյակ հետազոտությունների տվյալները։ Աշխատանքը հրապարակվել է PLOS One հանդեսում։

Հեղինակները միավորել են 69 աշխատանքի արդյունքները, որոնցում ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 4,5 միլիոն մարդ՝ սկսած 35 տարեկանից։ Նրանք գնահատել են, թե վերահսկվող երեք գործոնները՝ ֆիզիկական ակտիվությունը, նստակյաց վիճակում անցկացրած ժամանակը և քնի տևողությունը ինչպես են կապված դեմենցիայի ռիսկի հետ։ Պարզվել է, որ յոթ ժամից պակաս քունն ուղեկցվում է դեմենցիայի ռիսկի մոտ 18%-ով աճով, իսկ ութ ժամից ավելի քունը՝ 28%-ով։ Ռիսկը մեծացնում էին նաև նստակյաց ապրելակերպը (օրական 8 ժամից ավելի) և ցածր ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթական 150 րոպեից պակաս։

«Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, նստակյաց դիրքում ավելի քիչ ժամանակ անցկացնելը և բավարար գիշերային քունը՝ յոթից ութ ժամ, կարող են կապված լինել դեմենցիայի ռիսկի նվազման հետ»,- նշել են հետազոտողները։

Ընդ որում, հեղինակներն ընդգծում են, որ խոսքը հենց վիճակագրական կապերի մասին է, այլ ոչ թե ապացուցված պատճառահետևանքային։ Մասնավորապես, չափից ավելի քունը կարող է լինել ոչ թե պատճառ, այլ արդեն սկսված Ալցհեյմերի հիվանդության վաղ նշան, երբ ուղեղում տեղի ունեցող փոփոխությունները դրսից դեռ տեսանելի չեն, բայց արդեն ազդում են ռեժիմի վրա։

Աշխատանքի արժեքն այն է, որ այն միանգամից միավորում է երեք սովորություն, որոնք մարդն ի վիճակի է ինքնուրույն վերահսկելու, և ցույց է տալիս, որ դրանք բոլորն էլ միմյանցից անկախ կապված են դեմենցիայի ռիսկի հետ։ Հեղինակներն առանձնահատուկ ընдգծում են, որ վերլուծության մեջ ներառել են 35 տարեկանից սկսած մարդկանց, մինչդեռ նման հետազոտությունները սովորաբար կենտրոնանում են տարեցների վրա, ինչը նշանակում է, որ քնի և շարժման ռեժիմի մասին հոգ տանելն իմաստ ունի ծերությունից շատ առաջ։ Պատճառահետևանքային կապը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա դիտարկումներ, սակայն չափավոր ակտիվությունը և նորմալ քունը, ցանկացած դեպքում, ողջամիտ խորհուրդ են ուղեղի առողջության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll