Ավստրիայի UMIT TIROL բժշկական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները պարզել են, որ բնության մեջ խմբային գործունեությունն օգնում է տարեց մարդկանց հաղթահարել միայնությունը և նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը: Արդյունքները նկարագրող հոդվածը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում:
ԱՀԿ-ն միայնությունը ճանաչել է որպես հանրային առողջապահության գրեթե գլխավոր խնդիրը: Այս վիճակը ոչ միայն նվազեցնում է կյանքի որակը, այլև անմիջականորեն վնասում է ֆիզիկական առողջությանը՝ մեծացնելով սրտանոթային հիվանդությունների, դիաբետի, դեպրեսիայի և նույնիսկ դեմենցիայի ռիսկը: Միայնակ տարեց մարդկանց համար խնդրի լուծում գտնելու նպատակով գիտնականները վերլուծել են իսպանական «Բնության բարեկամներ» ծրագրի տվյալները, որոնք ներառել են զբոսանքները բնության մեջ, այգեգործությունը և թռչունների դիտումը:
Մոդելավորումը ցույց է տվել, որ բացօթյա նման զբոսանքները իսկապես օգնում են սոցիալական մեկուսացման դեմ պայքարում: Բնության մեջ կատարվող միջոցառումներին մասնակցած մարդիկ միջինը 2.62 տարի ավելի շատ են ապրել առանց միայնության զգացման, քան նրանք, ովքեր պարզապես տեղեկատվություն են ստացել նման ակտիվությունների մասին: Նրանք նաև ընդհանուր առմամբ բարելավել են կյանքի որակը և մի փոքր ավելացրել կյանքի տևողությունը:
«Չնայած կյանքի տևողության աճը թվում է փոքր, մասնակիցները զգալիորեն բարելավել են իրենց մնացած տարիների որակը և խուսափել են մեկուսացման հետ կապված ծանր հիվանդությունների զարգացումից», - նշել է հետազոտության առաջատար հեղինակ Վերոնիկա Պապոնը։
Գիտնականների եզրահանգումը կարող է չափանիշ ծառայել ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերի համար, քանի որ միայնությունը հրատապ խնդիր է ոչ միայն Իսպանիայի տարեցների համար։ Բժիշկները ենթադրում են, որ պացիենտներին այգիներում կամ անտառներում խմբային զբոսանքների ուղղորդելով «բնական դեղատոմսեր» տրամադրելը կարող է դառնալ ավանդական բուժման էժան և արդյունավետ այլընտրանք՝ պաշտպանելով հասարակությունը մեկուսացման համաճարակից։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում