✕

ԱԲ-ն օգնում է առողջապահությանն անցում կատարել բուժումից դեպի կանխարգելում․ HealthAI

14 հոկտեմբերի, 2026  10:30

Եվրոպայի բնակչությունը ծերանում է, ինչն ավելի է մեծացնում ճնշումն առանց այն էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգերի վրա։ Բայց ի՞նչ կլինի, եթե լուծումը թաքնված լինի ոչ միայն հիվանդությունների ավելի արդյունավետ բուժման, այլ դրանց կանխարգելման մեջ։

Արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է հնարավոր դարձնել նման շրջադարձը։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է պատասխանատու ԱԲ հարցերով համաշխարհային գործակալության՝ HealthAI-ի գլխավոր տնօրեն Ռիկարդու Բատիշտա Լեյտեն, միայն տեխնոլոգիաների զարգացումը բավարար չէ։

«Եթե արհեստական բանականությունը ներդնեք անարդյունավետ համակարգում, այն պարզապես ձեզ շատ արդյունավետ կդարձնի սեփական անարդյունավետության մեջ»,- Euronews-ին ասել է նա։

ԱԲ-ն կարող է օգնել բացահայտելու որոշակի հիվանդությունների առաջացման ռիսկի խմբում գտնվող մարդկանց դեռևս մինչև նրանց հիվանդանալը՝ թույլ տալով բժիշկներին և առողջապահական ծառայություններին ավելի վաղ միջամտել։ Սակայն միայն տեխնոլոգիական ցատկն ինքնին նման փոփոխություն չի ապահովի։

«Տեխնոլոգիաներն ինքնին մեզ չեն փրկի»,- ասում է HealthAI-ի ղեկավար Բատիշտա Լեյտեն։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգերը պետք է փոխեն նաև ֆինանսական խրախուսման մեխանիզմները, որոնք այժմ քաջալերում են բուժումը, այլ ոչ թե կանխարգելումը։

Նա պնդում է, որ հիվանդանոցները հաճախ գումար են ստանում պացիենտներին բուժելու, այլ ոչ թե նրանց առողջությունը պահպանելու համար։ Դեպի կանխարգելում անցումը կպահանջի ֆինանսավորման նոր մոդելներ, որոնք կխրախուսեն վաղ միջամտությունն ու պրոակտիվ հսկողությունը։

Վերլուծելով բժշկական տվյալներն առողջության վրա ազդող սոցիալական գործոնների հետ մեկտեղ՝ ԱԲ-ն կարող է օգնել բացահայտել աջակցության կարիք ունեցող մարդկանց դեռևս մինչև նրանց վիճակի վատթարացումը։ Բատիշտա Լեյտեն ընդգծում է, որ նպատակը միայն ինֆարկտ տարած մարդուն փրկելը չէ, այլ այն ընդհանրապես թույլ չտալը։

Այնուամենայնիվ, բժշկության մեջ ԱԲ կիրառման մասշտաբայնացումը բախվում է ևս մեկ առանցքային գործոնի՝ վստահությանը։

Պացիենտներն ու բուժաշխատողները պետք է վստահ լինեն, որ տեխնոլոգիաներն անվտանգ են, և դրանց առավելությունները գերազանցում են ռիսկերը։ Դրա համար անհրաժեշտ է վերահսկողություն, որը շարունակվում է նույնիսկ համակարգի հաստատումից և առօրյա կլինիկական պրակտիկայում դրա ներդրումից հետո։

Վերջերս ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Անրի Պ․ Կլյուգեն զգուշացրել է, որ թեև ԱԲ հենքով լուծումներն արդեն ներդրվում են ողջ Եվրոպայի հիվանդանոցներում, միայն քիչ թվով երկրներ են կարգավորում դրանց կիրառումը՝ պացիենտներին ենթարկելով ռիսկի։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկրներից երկու երրորդն արդեն կիրառում է ԱԲ ախտորոշում, իսկ կեսն օգտագործում է չաթ-բոտեր պացիենտների հետ շփման համար, սակայն միայն քչերն ունեն (տասներկուսից մեկը) ԱԲ կառավարման ռազմավարություններ։

Սա «տագնապալի» պատկեր է, նշել է Կլյուգեն՝ ընդգծելով, որ նման իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ մարդկանց առողջության վրա։ «Այս ամենը խաթարում է հասարակության վստահությունը ընդհանուր առմամբ առողջապահական համակարգերի նկատմամբ»,- զգուշացրել է նա։

HealthAI-ն տասը երկրների կարգավորող մարմինների հետ համագործակցում է վաղ ազդարարման համաշխարհային համակարգ ստեղծելու ուղղությամբ, որը կոչված է բացահայտելու անբարենպաստ պատահարները և օպերատիվորեն տեղեկատվություն փոխանակելու նոր ռիսկերի մասին։

«Նման մեխանիզմները մեզ թույլ կտան խուսափել լայնամասշտաբ վնասից, եթե ինչ-որ բան այնպես չընթանա․ մենք կկարողանանք ժամանակին հայտնաբերել դա և պաշտպանել քաղաքացիներին»,- նշել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում