✕

Աղմուկը չեզոքացնող ականջակալները նվազեցնում են նարկոզից հետո սրտխառնոցի վտանգը․ Anesthesiology

19 հոկտեմբերի, 2026  14:50

Չինաստանի Սուչժոուի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընդհանուր անզգայացմամբ կատարվող փոքր ինվազիվ գինեկոլոգիական վիրահատությունների ժամանակ աղմուկը չեզոքացնող ականջակալների կիրառումը կարող է 32%-ով նվազեցնել հետվիրահատական սրտխառնոցի և փսխման վտանգը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են «Anesthesiology 2026» գիտաժողովում։

Հետազոտությանը մասնակցել է 18-ից 65 տարեկան 192 պացիենտ։ Մասնակիցների կեսն անզգայացման սկզբից մինչև վիրահատության ավարտը կրել է աղմուկը չեզոքացնող լիաչափ ականջակալներ, իսկ մյուս կեսը վիրահատվել է առանց դրանց։ Բոլոր պացիենտներն ստացել են նարկոզի համար նախատեսված միևնույն դեղամիջոցներն ու սրտխառնոցի և փսխման կանխարգելման ստանդարտ միջոցները։

Վիրահատությունից հետո 48 ժամվա ընթացքում սրտխառնոց ու փսխում է ի հայտ եկել ականջակալ կրած պացիենտների 35,4%-ի մոտ՝ չկրածների 52,1%-ի համեմատ։ Բացի այդ, առաջին խմբի պացիենտների մոտ միջամտությունից հետո առաջին օրը նշված ախտանիշներն արտահայտվել են զգալիորեն ավելի թեթև ձևով։ Հետազոտողները որևէ կողմնակի անցանկալի ազդեցության աճ չեն արձանագրել։

Հետվիրահատական սրտխառնոցն ու փսխումն անզգայացման և վիրաբուժական միջամտությունների տարածված բարդություններից են։ Դրանք կարող են դանդաղեցնել ապաքինման ընթացքը, հանգեցնել ջրազրկման և լրացուցիչ բուժման անհրաժեշտություն առաջացնել։ Սովորաբար կանխարգելման նպատակով դեղորայք է կիրառվում, սակայն գիտնականների կարծիքով՝ հիվանդների ինքնազգացողության վրա կարող է ազդել նաև վիրահատարանի աղմուկը։

«Գիտափորձի ժամանակ աղմուկի միջին մակարդակը կազմել է մոտ 66 դեցիբել, ինչը համապատասխանում է բարձրաձայն խոսակցության ձայնին։ Նույնիսկ ընդհանուր նարկոզի պայմաններում ուղեղը կարող է շարունակել մշակել ձայնային ազդանշանները, թեև հետվիրահատական սրտխառնոցի վրա աղմուկի հնարավոր ազդեցության հստակ մեխանիզմը դեռևս վերջնականապես բացահայտված չէ»,— պարզաբանել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում