• Latest news▼

Իմունային բջիջներում «հագեցածության» ներկառուցված սենսոր է հայտնաբերվել. Nature Communications

20 հոկտեմբերի, 2026  18:55

Մակրոֆագերը՝ իմունիտետի հիմնական «մաքրող» բջիջները, հագենալու զգացողություն են ունենում, երբ կլանված մասնիկներն սկսում են ճնշել դրանց կորիզի վրա: Նման  եզրահանգման են հանգել Էդինբուրգի համալսարանի կենսաբանները, որոնց հոդվածը հրապարակվել է Nature Communications ում:

Այս բջիջները պարեկություն են անում օրգանիզմում և խժռում են ավելորդ ամեն ինչ՝ բակտերիաներ, վնասված հյուսվածքների բեկորներ և միլիոնավոր սեփական բջիջներ, որոնք պլանավորված ձևով մահանում են օրգանների աճի և թարմացման ընթացքում: Մակրոֆագերն սկսում են «ճաշել» միայն զոհի մակերեսին հատուկ նշաններ տեսնելուց հետո: Չափից շատ կլանած բջիջներն ավելի վատ են շարժվում և ավելի վատ են հաղթահարում վարակը, ուստի առանց ախորժակի խիստ սահմանափակիչի նրանք չեն կարող յոլա գնալ:

Կասկածն ընկել է կորիզի վրա. դա բջջի ամենախոշոր ու պինդ կառուցվածքն է, որը 10 անգամ ավելի պինդ է, քան ցիտոպլազման, և պահպանում է ԴՆԹ-ն: Իրական ժամանակում հետևելով պտղաճանճի սաղմերի մակրոֆագերին՝ գիտնականները տեսել են, որ կերած մասնիկը կորիզին է հասնում ընդամենը երկու րոպե անց և սեղմվում դրա մեջ: Ավար կրող բջիջների 88%-ի մոտ առնվազն մեկ այդպիսի փոսիկ է հայտնաբերվել: Ի պատասխան՝ կորիզը թաղանթի տակ ավելացնում էր լամին B սպիտակուցի շերտը, որն աշխատում է և՛ որպես կմախք, և՛ որպես զսպանակ. որքան ինտենսիվ էր ընթանում կլանումը, այնքան ավելի հզոր էր դառնում այդ շերտը:

Կորիզի դերը ստուգելու համար հետազոտողները հերթով անջատել են մակրոֆագերի լամին B-ի գենը և բջջային կմախքի հետ կորիզը կապող սպիտակուցային ճոպանների խուրձը: Առանց այդ սպիտակուցների ախորժակը կտրուկ ընկել է. բջիջները կլանում էին ավելի քիչ մասնիկներ, և դրանք նկատելիորեն ավելի փոքր էին: Լամին B-ի ավելցուկ ունեցող բջիջներում, ընդհակառակը, կլանվածն ավելի խոշոր էր դառնում: Այսպիսով, կենսաբանները համոզվել են, որ հագեցածության ազդանշանը գալիս է հենց կորիզից:

«Կլանված մասնիկներին ի պատասխան կորիզի մոլեկուլային և մեխանիկական վերակառուցումը կրիտիկական նշանակություն ունի, որպեսզի մակրոֆագերը շարունակեն մաքրել մահացող բջիջները»,- ընդգծում են հետազոտության հեղինակները:

Մակրոֆագերի ախորժակի սահմանափակիչը փնտրում են ավելի քան 30 տարի, սակայն մինչ օրս որպես հաստատված միակ արգելակ ծառայում էր թաղանթի պաշարը, որով նրանք փաթաթում են յուրաքանչյուր նոր բաժինը: Այժմ դրան ավելացել է հագեցածության մեխանիկական հաշվիչը, և այդ մեխանիզմը, կարծես, հնագույն է. մկների մոտ ավարը նույնպես ձևափոխում է մակրոֆագերի կորիզները, դրանց՝ մեզ ազգակից լամինի մակարդակը կլանման ժամանակ աճում է:

Ծանրաբեռնված մակրոֆագերը մասնակցում են աթերոսկլերոզի զարգացմանը և խանգարում վերքերի ապաքինմանը, բացի դրանից, ֆարմակոլոգներն ավելի ու ավելի ակտիվորեն են դիտարկում նման բջիջները որպես դեղամիջոցների թիրախ: Եթե սովորենք կառավարել դրանց հագեցածությունը, օրգանիզմի մաքրողներին հնարավոր կլինի ստիպել ավելի արդյունավետ աշխատել ախտահարված անոթներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll