✕

Հանտավիրուսը բջիջ է թափանցում ռեցեպտոր-սպիտակուցի խորշի միջոցով․ Nature

22 հոկտեմբերի, 2026  16:45

Այս տարի զբոսանավերից մեկում «Անդես» հանտավիրուսի բռնկման հետևանքով վարակվեց 13 ուղևոր, որոնցից երեքը մահացան։ Այս դեպքը կրկին ցույց տվեց, թե որքան լուրջ խնդիր է հաստատված պատվաստանյութերի և բուժման միջոցների բացակայությունը։ Վերջերս Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի, Պաստերի ինստիտուտի և LSU Health Shreveport կենտրոնի գիտնականները պարզել են, թե վիրուսն ինչպես է մարդու բջջի վրա գտնում իր թիրախը։

Հանտավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնց հիմնական տարածողները կրծողներն են։ Դրանք կարող են ծանր, երբեմն էլ մահացու հիվանդություններ առաջացնել, օրինակ՝ հանտավիրուսային թոքային համախտանիշ։ Մարդուն վարակող ավելի քան 20 հայտնի հանտավիրուսներից միայն «Անդեսն» է օժտված մարդուց մարդուն փոխանցվելու հատկությամբ։

Գիտնականների նոր բացահայտումը կարող է օգնել արդյունավետ դեղամիջոց ստեղծել ինչպես «Անդեսի», այնպես էլ մյուս հանտավիրուսների դեմ։ «Դեռ ութ տարի առաջ էինք պարզել, որ մարդու բջիջ թափանցելու համար «Անդես» վիրուսն օգտագործում է բջջի մակերեսի հատուկ սպիտակուցը՝ ընկալիչը, բայց չգիտեինք, թե ինչպես է այն ճանաչում դա։ Մեր նոր ուսումնասիրությունը լուծում է այդ գլուխկոտրուկը․ մենք բացահայտել ենք, թե վարակման պահին վիրուսն ինչ նոր եղանակով է կապվում ռեցեպտորին, և առաջարկում ենք բուժման մեթոդ, որը կհարվածի հենց այդ թույլ կետին»,- պատմում է հետազոտության համահեղինակ Քարթիկ Չանդրան։

Ավելի վաղ նույն գիտական խումբը պարզել էր, որ բջիջը վարակելու համար վիրուսի մակերեսի փշաձև սպիտակուցը պետք է միանա PCDH1 ռեցեպտորին, սակայն այդ պրոցեսի մեխանիզմն անհայտ էր։ Վիրուսների մեծ մասի (օրինակ՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի) փշաձև սպիտակուցը կազմված է երեք նույնական մասնիկից, որոնցից յուրաքանչյուրն ունի կապվելու իր առանձին հատվածը։ Իսկ «Անդես» վիրուսի դեպքում այդ սպիտակուցը բաղկացած է չորս միավորից, որոնք միասին քառակուսի են կազմում։ Ի տարբերություն կորոնավիրուսի՝ այստեղ առանձին վերցրած մեկ մասնիկը չի կարող կապվել ռեցեպտորին․ PCDH1-ը բռնելու համար անհրաժեշտ է ամբողջ քառակուսին։

Այս կառուցվածքը մանրամասն ուսումնասիրելու համար մասնագետները կիրառել են կրիոէլեկտրոնային մանրադիտակ։ Բացի այդ, նրանք նորարարական մեթոդներ են օգտագործել, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված հատուկ հենք (կարկաս), որպեսզի վիրուսի քառակուսի սպիտակուցը փորձանոթի մեջ չքանդվի։

Պարզվել է, որ PCDH1-ի մոլեկուլը մտնում է փշաձև սպիտակուցի հենց կենտրոնի մեջ՝ ամրանալով այնտեղ գտնվող խորը ակոսին կամ «գրպանիկին»։ Հենց այդ խորությամբ էլ բացատրվում է, թե ինչու հակամարմինները չեն կարողանում հասնել վիրուսին։ «PCDH1-ը երկար ու բարակ է, ինչի շնորհիվ հեշտությամբ թափանցում է խորը ներս, մինչդեռ հակամարմինների մեծ մասը չափազանց խոշոր են այդտեղ մտնելու համար»,- բացատրում է LSU Health Shreveport-ի գիտաշխատող Ռոհիթ Ջանգրան։

Հետազոտողներն ուսումնասիրել են նաև հանտավիրուսով հիվանդացած մարդկանց արյան մեջ հայտնաբերված հակամարմինները։ Պարզվել է, որ դրանցից մի քանիսը կարողանում են ամրանալ «գրպանիկի» մուտքի մոտ և փակել PCDH1-ի ճանապարհը, բայց չեն կարողանում ռեցեպտորի պես խորը թափանցել։ Սա վիրուսի խորամանկ պաշտպանական մեխանիզմն է, որը, սակայն, նաև նրա խոցելի կողմն է․ եթե մարդու բնական հակամարմինները սահմանափակված են իրենց կառուցվածքով ու չափսերով, ապա գիտնականները կարող են ստեղծել «երկար ու բարակ» արհեստական մոլեկուլներ, որոնք կմտնեն այդ խորշի մեջ ու կարգելափակեն վիրուսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում