Քենիայում գրանցվել է էբոլայից մահվան երկրորդ դեպքը. մահացել է 65-ամյա մի կին, որը երկրում առաջին հիվանդացածի մտերիմ ազգականն էր, հաղորդել է Medical Xpress-ը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ նրա մոտ ախտանիշներն ի հայտ են եկել կարանտինի ընթացքում, որից հետո նա հոսպիտալացվել է Նայրոբիի վարակիչ հիվանդությունների բաժանմունքում։ Նա մահացել է ուրբաթ երեկոյան՝ չնայած բժշկական օգնություն ստանալուն։
Էբոլայով հաստատված յոթ պացինետ ներկայում բուժվում է մեկուսացման երկու կենտրոններում։ Նոր դեպքեր չեն հայտնաբերվել։ Իշխանությունները նույնականացրել են առաջին դեպքի հետ շփված մոտ 135 մարդու, որոնցից 118-ը կարանտինացվել են։ Հետագայում վիրուսի դրական թեստ հանձնած ութ մարդկանց մեջ կան չորս առողջապահական աշխատողներ և հիվանդների չորս մտերիմ ազգականներ։ Շաբաթ օրվանից սկսած՝ իշխանությունները նախատեսում են սկսել կարանտինից ազատել այն մարդկանց, ովքեր 21 օր գտնվել են հսկողության տակ՝ առանց ախտանիշների ցուցաբերման։
Քենիայում էբոլայի առաջին դեպքը հաստատվել է հոկտեմբերի 5-ին։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվող 40-ամյա տղամարդը հոկտեմբերի 3-ին Ուգանդայի միջոցով ժամանել է Քենիա։ Նրան տեղափոխել են Նայրոբիի հիվանդանոց, որտեղ նրա թեստը դրական է եղել, նույն օրը նա մահացել է։
Մինչդեռ, Նիգերիան հետաքննում է, թե ինչպես է վարակվել երկրի առաջին հիվանդը։ Կինը Ուգանդայից վերադարձել է մայրաքաղաք Աբուջա և էբոլայի թեստի դրական արդյունք է ունեցել։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ նա չի այցելել Կոնգո, և ենթադրվում է, որ վարակվել է Ուգանդա կատարած ուղևորության ժամանակ։ Նրա ամուսինը՝ շվեյցարացի դիվանագետը, մնում է մեկուսացված, բայց ախտանիշներ չունի։
Նիգերիայի առողջապահության նախարար Մուհամադ Պատեն հայտնել է, որ երկրում վարակման դեպքը, վարակի տարածման օրինաչափությունից ելնելով, կարող է սերտորեն կապված լինել Քենիայում գրանցված առաջին դեպքի հետ։ Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները նախկինում հայտնել էին, որ երկու երկրներում էլ առաջին հիվանդները հոկտեմբերի 3-ին անցել են Ուգանդայի «Էնտեբե» միջազգային օդանավակայանով։
Վիրուսի տարածման ֆոնին Միացյալ Նահանգները խստացրել է միջազգային ավիաուղևորների համար ախատեսված կանոնակարգերը։ Այժմ Միացյալ Նահանգներ թռչող բոլոր ուղևորները պետք է ստորագրեն հայտարարություն, որում նշվելու է, որ նախորդ 21 օրվա ընթացքում նրանք չեն այցելել Կոնգո։ Այս ժամանակահատվածում այնտեղ գտնվողներին, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիներին, կարգելվի նստել Միացյալ Նահանգներ թռչող չվերթներ։
Էբոլան փոխանցվում է վարակված անձի կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման, ինչպես նաև աղտոտված առարկաների և մակերեսների միջոցով։ Զեկույցի համաձայն՝ Կոնգոյում շարունակվում է ծանր բռնկումը, որտեղ մայիսից ի վեր գրանցվել է առնվազն 4 000 մահվան դեպք։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day