Մոլեկուլային կենսաբան և բջջային ծերացման հարցերով մասնագետ Նիկոլա Կոնլոնը կասկածի տակ է դրել կյանքը երկարաձգելու հատկության մասին երկու տարածված մեթոդների արդյունավետությունը։ Խոսքը բացառապես մսի օգտագործման վրա հիմնված՝ այսպես կոչված «գիշատիչների դիետայի» և սառցե ջրով կոփվելու մասին է։ Փորձագետի կարծիքը հրապարակել է The Telegraph պարբերականը։
Կոնլոնի խոսքով՝ խիստ մսային սննդակարգը՝ որպես կյանքի տևողությունը երկարաձգելու միջոց, համոզիչ գիտական ապացույցներ չունի։
«Բուսական սննդից հրաժարվելն օրգանիզմը զրկում է բջջանյութից և մի շարք կարևոր սննդանյութերից, այդ թվում՝ վիտամին C-ից», — զգուշացրել է փորձագետը։
Կենսաբանն ընդգծել է, որ բացառապես մսային սննդակարգի և երկարակեցության միջև կապի ապացույցները բավարար չեն։ Ընդ որում, այն տարածաշրջաններում, որտեղ մարդիկ հաճախ ապրում են մինչև խոր ծերություն, ավանդական սննդակարգը սովորաբար մեծ քանակությամբ բուսական մթերքներ է պարունակում։
Կոնլոնը նաև զգուշացրել է սառցաջրի մեջ սուզվելու օգտակարությունը գերագնահատելու վտանգի մասին։ Ցրտի ազդեցությունն օրգանիզմում սթրեսային ռեակցիա է առաջացնում և գործարկում ֆիզիոլոգիական այնպիսի գործընթացներ, որոնք պոտենցիալ կերպով կարող են բարձրացնել սթրեսակայունությունը։ Սակայն մարդկանց մասնակցությամբ արված հետազոտությունները դեռևս թույլ չեն տալիս վստահորեն պնդել, որ այս մեթոդն ավելացնում է կյանքի տևողությունը։
«Որոշ գիտական աշխատություններ մատնանշում են սառը ջրի մեջ սուզվելուց հետո սթրեսի մակարդակի հնարավոր նվազման և քնի բարելավման մասին, սակայն հետազոտությունների արդյունքները միանշանակ չեն։ Սառցե լոգանքները երկարակեցության ապացուցված միջոց համարելը դեռևս վաղաժամ է։ Առողջության վրա դրանց երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար լրացուցիչ փորձարկումներ են անհրաժեշտ», — նշել է Կոնլոնը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում