Մրգերով, բանջարեղենով, բուսական և կենդանական սպիտակուցներով հարուստ բազմազան սննդակարգը կարող է 24%-ով նվազեցնել խոցային հիվանդության զարգացման ռիսկը 65 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Այս եզրահանգմանն են եկել Չանչժիի բժշկական քոլեջի չինացի գիտնականները՝ վերլուծելով ավելի քան 13 հազար մարդու տվյալներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition ամսագրում։
Գիտնականները 2008-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել են 13 274 մարդու տվյալներ։ Դիտարկման սկզբում մասնակիցներից ոչ մեկը խոցային հիվանդություն չի ունեցել։ Սննդակարգի բազմազանությունը գնահատվել է դրանում սննդամթերքի ինը խմբի՝ մրգերի, բանջարեղենի, մսի, ձկան, ձվի, լոբազգիների, ընկուզեղենի, կաթնամթերքի և թեյի ներառվածությամբ։
Վերլուծությունը ցույց է տվել, որ առավել բազմազան սննդակարգը կապված է հիվանդության զարգացման ավելի ցածր հավանականության հետ։ Սննդակարգի բազմազանության սանդղակով յուրաքանչյուր լրացուցիչ միավոր համապատասխանել է ռիսկի մոտ 5,6%-ով նվազմանը։
Այս օրինաչափությունը պահպանվել է նաև այն բանից հետո, երբ գիտնականները հաշվի են առել այլ գործոններ, այդ թվում՝ մասնակիցների տարիքը, կենսակերպն ու առողջական վիճակը։ Սակայն ազդեցությունը միատեսակ չի եղել ողջ հետազոտության ընթացքում. առավել արտահայտված կապ է նկատվել նաև դիտարկման առաջին տարիներին, իսկ հետագայում գիտնականներն այլևս չեն կարողացել վիճակագրորեն հաստատել այն։ Այդուհանդերձ, արդյունքները պարտադիր չեն նշանակում, թե ճիշտ սնվելու պաշտպանիչ ազդեցությունը երեք տարի անց վերանում է։
Հեղինակները ենթադրում են, որ բազմազան սննդակարգը հավաստիորեն կապված է խոցային հիվանդության ռիսկի նվազման հետ։ Ընդ որում, հետազոտությունը վիճակագրական կապ է բացահայտել, սակայն չի ապացուցում, որ հիվանդությունը կանխում է հենց սննդի բազմազանությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում