Հետազոտողներն ուսումնասիրել են պսիխոդելիկների և այլ հոգեակտիվ նյութերի ազդեցությունը վերապրող մարդկանց հոգեբանական աջակցության թեժ գծին ստացված ավելի քան 25 հազար զանգ։ Հեղինակների գնահատմամբ՝ ստացված տվյալների բազան նմանատիպ դեպքերի վերաբերյալ տեղեկությունների ամենամեծ շտեմարանն է, որը կարող է օգնել հասկանալու՝ ինչ հանգամանքներն են հանգեցնում հոգեբանական դիսթրեսի, և աջակցության որ մեթոդներն են առավել արդյունավետ։ Արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։
Հետազոտությունում ներառվել է ամերիկյան Fireside Project ոչ առևտրային կազմակերպության Psychedelic Support Line թեժ գծին արված 25 419 զանգ՝ գրանցված 2021 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում։ Աջակցությունը տրամադրել են հատուկ վերապատրաստում անցած 220 խորհրդատուներ։ Բացի այդ, գիտնականները վերլուծել են 2777 հարցում, որոնց միջոցով մարդիկ գնահատել են իրենց ցուցաբերված օգնությունը։
Հեղինակները նշում են, որ պսիխոդելիկ փորձառությունների մեծ մասը մարդիկ ունենում են կլինիկական պայմաններից դուրս՝ տանը, փառատոներին, արարողությունների ժամանակ և հանրային այլ վայրերում։ Սակայն այն մասին, թե նման իրավիճակներում մարդիկ ինչ դժվարությունների են բախվում և ինչպիսի աջակցության կարիք ունեն, համակարգված տվյալներ դեռևս չկան։
Պսիլոցիբինն ամենահաճախ հիշատակվող նյութն է եղել. դրան է բաժին ընկել այն զանգերի 59,9%-ը, որոնցում նշվել է նյութի անվանումը։ Կանաբիսի ցուցանիշը կազմել է 12,8%, և հենց այն է աչքի ընկել դիսթրեսի ամենաբարձր ընդհանուր մակարդակով։ Սակայն գիտնականներն այս օրինաչափությունը կապել են նախևառաջ այն հանգամանքի հետ, որ կանաբիս գործածողներն օգնության են դիմել հաճախ անմիջապես նյութի ազդեցության տակ եղած ժամանակ։ Համանման զանգերի համեմատությունը ցույց է տվել, որ նյութերի հիմնական խմբերի միջև դիսթրեսի մակարդակի էական տարբերություններ չկան։
Օգնության դիմելու պահն ավելի վճռորոշ գործոն է եղել, քան կոնկրետ նյութը. պսիխոդելիկ ապրումների բուն ընթացքում օգնություն խնդրողներն ավելի հաճախ են ունեցել արտահայտված դիսթրես, քան նրանք, ովքեր դիմել են դրանից հետո։ Հեղինակների կարծիքով՝ այս բացահայտումը կարող է օգնել կատարելագործելու ճգնաժամային աջակցության և ռիսկերի նվազեցման մասնագետների վերապատրաստումը։
Բազայում գրանցվել է նաև 43 ահազանգ, որոնք դասակարգվել են որպես արարողությունները վարողների կամ այլ կազմակերպիչների կողմից դաժան վերաբերմունքի դեպքեր։ Նման ահազանգերն անհամամասնորեն հաճախ են գրանցվել ծիսական պրակտիկաների և բուսական ծագման հոգեակտիվ միջոցների գործածման դեպքում։ Ընդ որում, Fireside Project-ն առանձին դեպքերի անկախ ստուգում չի իրականացրել, ուստի դրանք չեն կարող հաստատված փաստեր համարվել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day