Սուրճի կանոնավոր օգտագործումը, ըստ ամենայնի, ազդում է ոչ միայն աղիքային բակտերիաների բաղադրության, այլև հենց աղիների ֆիզիոլոգիայի վրա։ Այս եզրահանգմանն է եկել Կոպենհագենի համալսարանի հետազոտողների խումբը. արդյունքները հրապարակվել են Gut Microbiology գիտական ամսագրում։
Գիտափորձին մասնակցած 61 առողջ դանիացիներ փոքրիկ էլեկտրոնային պարկուճ են կուլ տվել, որը, անցնելով մարսողական համակարգով, գրանցել է աղեստամոքսային տրակտում դրա տեղաշարժի տևողությունը, ջերմաստիճանը, pH մակարդակն ու աղիների կծկումները։ Սուրճի սիրահարներ են համարվել նրանք, ովքեր ութօրյա հետազոտության երեքից ավելի օրերի ընթացքում օրական 1-ից 5 գավաթ սուրճ են խմել, իսկ մնացածը դասվել են սուրճ հազվադեպ օգտագործողների շարքին։
Արդյունքները նախևառաջ հաստատել են, որ սուրճն ազդում է աղիքային բակտերիաների կազմի վրա. սուրճի ակտիվ սպառողների աղիներում միկրոօրգանիզմների բազմազանությունն ավելի մեծ է եղել, քան այն հազվադեպ խմողների մոտ։
«Բայց թերևս ավելի կարևոր է այն, որ սուրճի հաճախակի օգտագործումը, ըստ երևույթին, ազդում է հենց աղիների ֆիզիոլոգիայի, այլ կերպ ասած՝ դրանց աշխատանքի վրա»,- նշել է աշխատության առաջին հեղինակ, Կոպենհագենի համալսարանի ասպիրանտ Ֆրանչեսկա Բուչին։
Հետազոտողները պարզել են, որ սուրճի սիրահարների բարակ աղիքում pH-ի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, իսկ սուրճի մեծ քանակությունը կապված է հաստ աղիքի ավելի հաճախակի կծկումների հետ։ «Աղիների կծկումները կարող են նպաստել առողջ մարսողությանը, օգնել կանխել փորկապությունն ու լավ մարզավիճակում պահել աղիների մկանները»,- նկատում է Բուչին։
Գիտնականները դեռ չեն կարող հստակ ասել՝ ցածր pH-ն օգտակար է, թե վնասակար, սակայն բարակ աղիքում pH-ի մակարդակը կարևոր դեր է խաղում մարսողական ֆերմենտների ակտիվության և սննդի ճեղքման գործընթացում։
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը թույլ չի տալիս վերջնականապես պնդել, թե արդյոք այս տարբերությունները բացառապես սուրճի հետևանք են։ Այդուհանդերձ, ավագ հեղինակ Հենրիկ Մունկ Ռոագերը կարծում է, որ սուրճն առանցքային գործոն համարելու հիմքեր կան. նախորդ աշխատությունները ևս ցույց են տվել, որ սուրճն ազդում է մարսողական համակարգի մի շարք գործընթացների, այդ թվում՝ ստամոքսում թթվի արտադրության վրա։ «Շատերն են նաև նշում, որ սուրճն ազդում է իրենց մարսողության վրա»,- հավելում է նա։
Ըստ Ռոագերի՝ հաջորդ քայլը պետք է լինի միջամտական (ինտերվենցիոն) հետազոտությունը, որի ժամանակ գիտնականներն իրենք կվերահսկեն մասնակիցների խմած սուրճի քանակը և կհամեմատեն աղիների ֆիզիոլոգիան սուրճի ակտիվ սպառման և դրանից հրաժարվելու շրջաններում։ Հետազոտողները հույս ունեն, որ այս և ապագա բացահայտումները կօգնեն լուծել լայն տարածում գտած մի խնդիր։
«Շատերն են տառապում փորկապությունից և անկանոն կղազատումից։ Եթե հասկանանք, թե սուրճն ինչպես է ազդում մարսողության և աղիների կծկումների վրա, այդ գիտելիքը հնարավոր կլինի օգտագործել աղիների շարժունակությունը բնական ճանապարհով խթանելու համար։ Դա չափազանց արժեքավոր կլիներ»,- պարզաբանել է գիտնականը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում