Ինչպես պարզել, որ երեխան աղիքային վարակ ունի, ինչ միջոցներ ձեռք առնել եւ երբ է անհրաժեշտ անմիջապես դիմել բժշկի։ Այս հարցերի շուրջ է NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է մանկաբույժ Զավեն Մելքոնյանի հետ։
Բժշկի խոսքով, աղիքային վարակները որոշակի կլինիկական պատկեր ունեն։ Դրանք, որպես կանոն, սկսվում են փորկապությամբ, հետո բարձրանում է ջերմությունը, հետո արդեն սկսվում է փսխում եւ փորլուծություն։ Նման վիճակում ամենամեծ վտանգը ջրազրկումն է, դրա համար էլ պետք է երեխաներին անընդհատ խմելու բան տալ։ Եթե հիվանդությունը փսխումով է ուղեկցվում, կարելի է փորձել սոդայաջրով երեխայի ստամոքսի լվացում անել, իսկ հետո փոքր չափաբաժիններով խմելու բան տալ։ Բայց եթե փսխումը չի դադարում եւ հեղուկը ոչ մի կերպ չի մնում օրգանիզմում, այդ դեպքում արդեն առանց կաթիլայինի չի լինի, պետք է հիվանդանոց գնալ։ Մայրիկները պարտավոր են անհանգստանալ նաեւ այն դեպքում, երբ ջերմությունն իջեցնող միջոցները չեն կարողանում իջեցնել մարմնի բարձր ջերմաստիճանը։ Դա ջրազրկման եւս մեկ ախտանիշ է, եւ երեխային հիվանդանոց տեղափոխելը պարտադիր է։
Փորլուծության վերաբերյալ տարածված մոլորություններից է այն հնարավորինս արագ դադարեցնելու ձգտումը, որը հատուկ է ինչպես ծնողներին, այնպես էլ որոշ բուժաշխատողների։ Զավեն Մելքոնյանը կոչ է արել հիշել, որ փորլուծությունն ու փսխումը օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունն են, որի միջոցով այն փորձում է ազատվել մարմին ներթափանցած թունանյութերից ու մանրէներից։ «Սննդի կամ դեղերի միջոցով այդ պաշտպանությունն արհեստականորեն վերացնելը ճիշտ չէ», - ասել է նա՝ ավելացնելով, որ տարածված սխալ է փորլուծության դեպքում երեխային խաշած բրնձով կամ կարտոֆիլով կերակրել, որոնք նման վիճակում երեխան մարսել չի կարող։ «Արդյունքում չմարսված սնունդը քայքայվում է աղիքներում՝ առաջացնելով տոքսիններ, որոնք ներծծվում են օրգանիզմի մեջ։ Դրա համար էլ թախանձագին կոչ եմ անում չփորձել արհեստականորեն դադարեցնել փորլուծությունը։ Ընդհակառակը, անհրաժեշտ է նպաստել դրան՝ հեղուկներով կամ արագամարս սննդով», - ասել է նա՝ ավելացնելով, որ պետք է հիշել եւս մեկ կանոն․ չկերակրել երեխային, եթե նա հրաժարվում է սնվելուց։ Նման դեպքերում կարելի է երեխային տալ մրգա-բանջարեղենային պյուրե կամ կաթնաթթվային մթերքներ։
«Ես ծնողներին միշտ ասում եմ՝ ձեզ դրեք երեխայի տեղը․ եթե դուք ջերմություն ունենաք, փորլուծություն, սրտխառնոց, կուզե՞ք որեւէ բան ուտել։ Եթե դուք ինքներդ հրաժարվում եք սննդից, ինչո՞ւ եք երեխային ստիպում ուտել», - նշել է Զ․ Մելքոնյանը։
Փորլուծության դեպքում հոգնա անել եւս խորհուրդ չի տրվում, որովհետեւ փորլուծությունն արդեն իսկ յուրահատուկ հոգնա է։ Բայց եթե աղիքային վարակն ուղեկցվում է փորկապությամբ եւ փսխումով, հոգնան նման իրավիճակներում շտապօգնության միջոց է, իհարկե՝ եթե ավելի մեղմ միջոցները՝ մոմիկները եւ այլն, չեն օգնում։ «Բայց պետք է տեխնիկապես ճիշտ անել հոգնան, որովհետեւ եթե աղիների մեջ լցված հեղուկը այնտեղից ամբողջությամբ դուրս չգա, թունանյութերը կլուծվեն դրա մեջ եւ կներծծվեն օրգանիզմի մեջ։ Հոգնան որպես բուժական մեթոդ մենք կիրառում ենք այն դեպքում, երբ օրգանիզմն այլեւս ի վիճակի չէ լուծել խնդիրը», - նշել է նա։
Մանկահասակ երեխաների ծնողները պիտի հիշեն նաեւ, որ ջրազրկումը եւ ինտոկսիկացիան նրանց մոտ շատ արագ են տեղի ունենում, այսինքն չարժե դանդաղել բժշկի դիմելու հարցում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում