Ադրբեջանի կողմից ագրեսիային ի պատասխան հայ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ հաղթանակ կտոնի: Նման կարծիք է հայտնել Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ եւ Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից մեկը` Սուրեն Զոհրաբյանը:
«Պատերազմից լավ բան սպասել չի կարելի: Բայց հիմա, երբ Ադրբեջանն այսպես, մեղմ ասած, անշնորք է իրեն պահում եւ ագրեսիա է դրսեւորում, եթե անհրաժեշտ լինի, հայ ժողովուրդը ոտքի կկանգնի եւ հաղթանակ կտոնի», - ասել է նյարդավիրաբույժը:
Նրա խոսքով, Գորիսում բժիշկների շրջանում այժմ երկու նյարդավիրաբույժ կա, որոնք աշխատում են իր ղեկավարությամբ:
«Իմ աշխատողներից երկուսն այժմ մեր տղաների կողքին են, եւ եթե այնտեղ հանկարծ նյարդավիրաբույժների անհրաժեշտություն լինի, նրանք պատրաստ են օգնություն տրամադրել», - ասել է Սուրեն Զոհրաբյանը:
Սուրեն Զոհրաբյանը, որն այսօր իր 95-ամյակն է տոնում, իր կյանքի ընթացքում արդեն երկու պատերազմ է տեսել. Նա մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, որի ընթացքում 4 տարի շարունակ շարժական հոսպիտալներում է եղել եւ այլ բժիշկների հետ միասին օգնել է վիրավորներին: Նաեւ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին:
«Իմ օգնականներից մեկը զոհվել է այդ պատերազմում», - նշել է բժիշկը:






