Սրտանոթային աղետների վտանգը կարող է հատկապես բարձր լինել առավոտյան ժամը 6-ից մինչև 9-ը. ուղեղի կաթվածի հավանականությունն այդ ժամերին աճում է 72%-ով, իսկ ինֆարկտինը՝ 40%-ով: Դրա մասին The Washington Post պարբերականին պատմել է Հարվարդի բժշկական դպրոցի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Տրիշա Պաշրիչան՝ այդ առանձնահատկությունը կապելով արթնանալուց հետո սրտանոթային համակարգի աշխատանքի փոփոխությունների հետ:
Փորձագետը նշում է, որ առավոտյան օրգանիզմում փոխվում է հորմոնալ ֆոնը. նվազում է քնի և արթնության ցիկլերը կարգավորող մելատոնինի արտադրությունը և բարձրանում կորտիզոլի մակարդակը: Միաժամանակ սկսում է բարձրանալ զարկերակային ճնշումը։ Բացի դրանից, թրոմբոցիտները՝ արյան այն բջիջները, որոնք մասնակցում են արյան մակարդմանը, դառնում են առավել հակված միմյանց կպչելու: Այդ նույն ժամանակ բարձրանում է այն սպիտակուցի կոնցենտրացիան, որը խոչընդոտում է թրոմբների լուծմանը:
«Այս գործընթացների համախումբը կարող է պայմաններ ստեղծել թրոմբների առաջացման համար և մեծացնել բեռը սրտանոթային համակարգի վրա: Հատկապես ուշադիր պետք է լինեն առավոտյան ճնշման ցուցանիշների նկատմամբ արտերիալ հիպերտոնիա ունեցող մարդիկ»,- զգուշացրել է մասնագետը:
Պաշրիչան խորհուրդ է տալիս բարձր ճնշում ունեցող բուժառուներին կանոնավոր կերպով ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցները և բաց չթողնել ընդունումները: Ընդ որում, ըստ նրա, դեղերի ընդունումը ինքնուրույնաբար երեկոյան ժամերին տեղափոխելու անհրաժեշտություն չկա. ավելի կարևոր է պահպանել բուժման նշանակված սխեման:
«Առավոտյան վտանգի բարձրացումը չի նշանակում, որ ինֆարկտը կամ ուղեղի կաթվածն անպայման տեղի կունենա այդ ժամերին: Ըդսմին, սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է կանոնավոր կերպով չափեն ճնշումն առավոտյան՝ մինչև դեղամիջոցներ ընդունելը: Նման չափումներն օգնում են հետևել ցուցանիշների փոփոխություններին և գնահատել բուժման արդյունավետությունը»,- եզրափակել է մասնագետը:






