Գիտնականները պարզել են, թե ինչու սրտամկանը գրեթե չի կարողանում վերականգնվել վնասվածքներից հետո․ սրտի բջիջները զոհաբերում են բաժանվելու ունակությունը՝ հանուն կյանքի համար անհրաժեշտ անընդհատ կծկումների։ Իսպանիայի Կառլոս III-ի անվան սրտանոթային հետազոտությունների ազգային կենտրոնի (CNIC) մասնագետների իրականացրած հետազոտությունը, որը համաֆինանսավորել է Եվրոպական հետազոտական խորհուրդը (ERC), հրապարակվել է Nature Cardiovascular Research ամսագրում։
Ի տարբերություն մաշկի և լյարդի, որոնք կարող են լրացնել կորցրած բջիջները, չափահաս մարդու սիրտը գրեթե չի վերականգնվում։ Այդ ունակությունն արագ նվազում է ծնվելուց կարճ ժամանակ անց, երբ սիրտը ստիպված է աշխատել աճող ծանրաբեռնվածությամբ։
Այս երևույթի պատճառները պարզելու համար հետազոտողները մի քանի փորձարարական համակարգերում ուսումնասիրել են սրտամկանի բջիջները՝ կարդիոմիոցիտները։ Նրանք օգտագործել են նաև մարդու ցողունային բջիջներից ստացված բջիջներ, արհեստականորեն աճեցված սրտային հյուսվածք, սրտամկանի նմուշներ և կենդանական մոդելներ։
Փորձերը ցույց են տվել, որ կծկումները ժամանակավորապես ճնշելիս կարդիոմիոցիտները նկատելի փոփոխություններ են կրում․ դրանց կծկողական կառույցները, որոնք կոչվում են սարկոմերներ, քայքայվում են, իսկ բջիջները կրկին մտնում են բջջային ցիկլի մեջ և ձեռք բերում բաժանվելու զգալիորեն ավելի մեծ ունակություն։
Երբ կծկումները վերականգնում էին, գործընթացը հակառակ ընթացք էր ստանում․ սարկոմերները նորից էին ձևավորվում, իսկ բջիջները դադարում էին բաժանվել։
Գիտնականները նաև կապ են հայտնաբերել այս փոփոխությունների և էներգետիկ նյութափոխանակության միջև։ Երբ կարդիոմիոցիտները դադարում էին կծկվել, սկսում էին ավելի ակտիվորեն օգտագործել գլիկոլիզը՝ էներգիայի ստացման գործընթաց, որն ավելի քիչ է կախված սրտի մշտական աշխատանքի համար անհրաժեշտ, մեծ ծախսեր պահանջող մեխանիզմներից։ Նյութափոխանակության այս փոփոխությունը, ըստ երևույթին, պայմաններ էր ստեղծում բջիջների բաժանման վերսկսման համար։
Կծկումների վերականգնումից հետո նյութափոխանակությունը վերադառնում էր հասուն կարդիոմիոցիտներին բնորոշ վիճակին, որն ապահովում է դրանց անընդհատ աշխատելու ունակությունը, բայց սահմանափակում է բազմացումը։
«Էվոլյուցիայի ընթացքում սիրտը նախապատվությունը տվել է անընդհատ աշխատանքին, ոչ թե վերականգնմանը», — նշել է հետազոտության ավագ հեղինակ, CNIC-ի սրտի հյուսվածքային ինժեներիայի և վերականգնողական թերապիայի լաբորատորիայի ղեկավար Ֆլորիան Վայնբերգերը։ Նրա խոսքով՝ այն մեխանիզմները, որոնք սրտի բջիջներին թույլ են տալիս կծկվել և պահպանել կյանքը, միաժամանակ խոչընդոտում են դրանց բաժանմանն ու վնասված հյուսվածքի փոխարինմանը։
Բացահայտումը կարող է օգնել մշակել սրտի վերականգնման նոր մոտեցումներ սրտամկանի ինֆարկտից հետո կամ սրտային անբավարարության դեպքում։ Սակայն հետազոտողներն ընդգծում են, որ բուժման համապատասխան մեթոդների ի հայտ գալուն դեռ երկար ժամանակ կա․ անհրաժեշտ է սովորել ժամանակավորապես ակտիվացնել կարդիոմիոցիտների բաժանվելու ունակությունը՝ առանց սրտի աշխատանքը խաթարելու։










