Ֆրանսիացի գիտնականներն առաջին անգամ կարողացել են պատկերել մարդու երիկամի արյունատար անոթների ամբողջ ցանցը և դրանցում արյան շարժումը։ Դրա համար Փարիզի՝ Inserm-ի, ESPCI Paris-PSL-ի և CNRS-ի մասնակցությամբ ստեղծված Բժշկության ֆիզիկայի ինստիտուտի հետազոտողները կիրառել են նոր՝ գերճշգրիտ ուլտրաձայնային տեխնոլոգիա։
Այն կարող է օգնել անոթների վնասման հետ կապված երիկամային հիվանդությունների ախտորոշմանը, իսկ հեռանկարում՝ օգտագործվել այլ օրգանների ուսումնասիրության համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Medical Imaging & Theranostics ամսագրում։
Օրգանների աշխատանքը մեծապես կախված է դրանց անոթային ցանցի վիճակից։ Զարկերակների և երակների վնասման դեպքում բջիջներն ավելի քիչ թթվածին ու սննդանյութեր են ստանում, իսկ նյութափոխանակության արգասիքներն այնքան էլ արդյունավետ չեն հեռացվում։ Նման խանգարումների նկատմամբ հատկապես զգայուն են երիկամները, որոնց միկրոանոթների փոփոխությունները կարևոր դեր են խաղում հիպերտենզիվ նեֆրոսկլերոզի և դիաբետիկ նեֆրոպաթիայի առաջացման հարցում։ Այս հիվանդությունները հանգեցնում են մանր զարկերակների աստիճանական վնասման և երիկամների ֆիլտրացիոն գործառույթի նվազման։
«Ներկայում չկա յուրահատուկ կենսամարկեր, որը թույլ կտար անմիջականորեն հայտնաբերել անոթային այս խանգարումները և հետևել դրանց զարգացմանը։ Սովորական ուլտրաձայնային հետազոտության հնարավորությունը բավարար չէ, իսկ մագնիսառեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆիան թույլ չի տալիս անհրաժեշտ մանրամասնությամբ զննել ախտահարված արտերիոլները», — պարզաբանել է Inserm-ի գիտաշխատող և հետազոտական խմբի ղեկավար Կլեման Պապադաչին։
Առանց վաղ ախտորոշման՝ հիվանդությունը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության, որի դեպքում դիալիզի անհրաժեշտություն է առաջանում։ Ուստի, ամենամանր անոթներն անմիջականորեն դիտարկելու հնարավորությունը մեծ նշանակություն ունի բժշկության համար։
Գիտնականների մշակած համակարգը ստեղծում է օրգանի ամբողջ անոթային ցանցի եռաչափ պատկերները և թույլ է տալիս իրական ժամանակում հետևել արյան հոսքին։ Որոշ անոթների տրամագիծն ընդամենը 50 միկրոմետր է՝ մոտավորապես բարակ մազի հաստության։ Սովորական ուլտրաձայնային սարքերը, որպես կանոն, պատկերում են մեկից երկու միլիմետր և ավելի տրամագծով անոթները։
Ավելի վաղ տեխնոլոգիայի արդյունավետությունը ցուցադրվել էր կենդանիների վրա՝ ստանալով երիկամների, սրտի և լյարդի անոթների պատկերները։ Այժմ հետազոտողներն առաջին անգամ հաստատել են այն մարդկանց մոտ կիրառելու հնարավորությունը։ Համակարգը թույլ է տալիս ուսումնասիրել անոթները՝ խոշոր զարկերակներից մինչև ամենամանր ճյուղերը, քանակապես գնահատել անոթային ցանցի կառուցվածքը և առանձին վերլուծել զարկերակներում և երակներում արյան հոսքը։
«Նոր տեխնոլոգիան կարող է զգալի առաջընթաց ապահովել հետազոտությունների և բժշկության ոլորտներում։ Մասնավորապես, հիպերտենզիվ նեֆրոսկլերոզի դեպքում այն կարող է օգնել ավելի լավ հասկանալ հիվանդության մեխանիզմները և, հավանաբար, հայտնաբերել վաղ կենսամարկերներ՝ ախտորոշումը կատարելագործելու համար», — նշել է Բժշկության ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ և հետազոտության առաջին հեղինակ Հաննա Պլատը։
Հաջորդ կլինիկական հետազոտության շրջանակում գիտնականները նախատեսում են հետևել երիկամներում, ուղեղում և սրտում արյան հոսքին աթերոսկլերոզ ունեցող այն պացիենտների մոտ, որոնց բարդ վիրահատություններ են սպասվում։ Վիրաբուժական միջամտությունները կարող են փոխել արյան շրջանառությունը և այդ օրգանների վնասման վտանգ ստեղծել։ Հետազոտողները հույս ունեն պարզել՝ արդյոք նոր տեխնոլոգիան կօգնի նախապես գնահատել բարդությունների հավանականությունը։
Վիզուալացման բարձր ճշգրտությունն ապահովվում է հատուկ՝ մեծացված ուլտրաձայնային սարքի, ձայնային ալիքները ֆոկուսավորելու համար նախատեսված ակուստիկ ոսպնյակների և պատկերների ստացման բարձր արագության շնորհիվ։ Բացի այդ, արյան հոսքի մեջ ներմուծվում են միկրոպղպջակներ, որոնք օգնում են հայտնաբերել նույնիսկ ամենամանր անոթները։ Տեխնոլոգիաների այս համադրությունը թույլ է տալիս միաժամանակ ստանալ ամբողջ օրգանի պատկերը և մանրամասն ուսումնասիրել դրա միկրոանոթային ցանցը։










