Ճապոնիայի Օսակայի մետրոպոլիտեն համալսարանի հետազոտողները ձևափոխել են բնական սպիտակուցը, որպեսզի այն ավելի ամուր կապի SN-38 հակաքաղցկեղային դեղանյութը և կանխի դրա վաղաժամ ազատումը։

Աշխատանքը հրապարակվել է International Journal of Biological Macromolecules ամսագրում։ Այս մոտեցումը կարող է բարձրացնել դեղանյութն ուռուցքին հասցնելու արդյունավետությունը և օգնել լուծել ջրում դրա ցածր լուծելիության խնդիրը։

Դեղագործական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Տակասի Ինուիի ղեկավարած խումբն աշխատել է L-PGDS սպիտակուցի՝ լիպոկալինային տիպի պրոստագլանդին-D-սինթազի հետ։ Համակարգչային մոդելավորման միջոցով հետազոտողները սպիտակուցի խոռոչում հայտնաբերել են երկու ամինաթթվային մնացորդ, որոնց փոխարինումը կարող էր ուժեղացնել դեղանյութի հետ կապումը։

SN-38-ը քիմիաթերապիայում, այդ թվում՝ կրծքագեղձի և կոլոռեկտալ քաղցկեղի բուժման համար կիրառվող ակտիվ մետաբոլիտ է։ Այն ազդում է տոպոիզոմերազ I ֆերմենտի վրա, որը ժամանակավորապես կտրում է ԴՆԹ-ի շղթաները՝ նպաստելով գենետիկական նյութի պատճենմանը, այնուհետև վերականգնում դրանց ամբողջականությունը։ Այս գործընթացի խախտումը հանգեցնում է ԴՆԹ-ի վնասման և կարող է առաջացնել արագ բաժանվող քաղցկեղային բջիջների մահ։

SN-38-ի կիրառման խոչընդոտներից մեկը ջրում դրա ցածր լուծելիությունն է, որը սահմանափակում է օրգանիզմում դեղանյութի արդյունավետ տեղափոխման հնարավորությունները։ Հետազոտողները հույս ունեն, որ ձևափոխված սպիտակուցը կկարողանա ավելի երկար պահել դեղանյութը՝ մեծացնելով ուռուցքային հյուսվածքում դրա կուտակման և քաղցկեղային բջիջների վրա ազդելու հավանականությունը։

Առավել խոստումնալից է եղել երկու ամինաթթվային փոխարինում պարունակող՝ M94W-M145W անվանումով սպիտակուցային տարբերակը։ Ինուիի խոսքով՝ SN-38-ի նկատմամբ դրա խնամակցությունը՝ դեղանյութի հետ կապվելու ուժը, մոտ չորս անգամ ավելի բարձր է եղել, քան սկզբնական սպիտակուցինը։ Ձևափոխված սպիտակուցն օգտագործելիս դեղանյութի լուծելիությունն աճել է մոտավորապես 3,3 անգամ։ Բացի այդ, զգալիորեն նվազել է կրող սպիտակուցից դեղանյութի վաղաժամ ազատումը։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ սպիտակուցների՝ դեղանյութերի հետ կապման տեղամասերի ձևափոխումը կարող է թույլ տալ ավելի ճշգրիտ վերահսկել դեղանյութերի պահումն ու լուծելիությունը։ Հեռանկարում այս մոտեցումը կարող է օգնել ստեղծել հատուկ կրող սպիտակուցներ տարբեր դեղանյութերի, այդ թվում՝ ջրում վատ լուծվող այլ նյութերի համար։