Կանադայի Մաք Գիլի համալսարանի հետազոտողները մշակել և փորձարկել են նոր մոտեցում՝ նյարդային համակարգի զարգացման հազվադեպ խանգարումներ ունեցող երեխաների համար անհատականացված գենետիկական թերապիա ստեղծելու նպատակով։ Մեթոդը թույլ է տալիս գենետիկական ախտորոշումը կապել հնարավոր բուժման մշակման և լաբորատոր փորձարկման հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The American Journal of Human Genetics ամսագրում։

Հազվադեպ գենետիկական հիվանդությունների դեպքում ԴՆԹ-ի փոփոխությունները կարող են հանդիպել ընդամենը մի քանի հիվանդի մոտ։ Ուստի բուժման ստանդարտ մեթոդների մշակումը հաճախ դժվար է լինում տնտեսական և գործնական առումներով, իսկ շատ երեխաներ մնում են առանց բուժում ստանալու իրական հեռանկարի։

Նոր մոտեցումը ենթադրում է միասնական գործընթաց, որը սկսվում է գենետիկական ախտորոշումից և թույլ է տալիս անցնել անհատական բուժման մշակմանը։ Հետազոտության գլխավոր հեղինակ, Մաք Գիլի համալսարանի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի ասպիրանտ Ջուլիա Մաքինթոշը նշել է, որ գենետիկական ախտորոշումն օգտագործվում է թերապիայի մշակման ուղղությունն ընտրելու համար։

Աշխատանքը սկսվում է հիվանդի արյան նմուշի վերլուծությունից։ Դրա հիման վրա գիտնականները ստեղծում են ուղեղի բջիջներ, որոնք կրում են նույն գենետիկական մուտացիան, ինչ երեխայի մոտ է։ Այս բջիջները թույլ են տալիս ուսումնասիրել հիվանդության մեխանիզմները և լաբորատոր պայմաններում փորձարկել բուժման հնարավոր մեթոդները։

Հետազոտողները ցույց են տվել այս մոտեցման հնարավորությունները՝ մշակելով և փորձարկելով փորձարարական ՌՆԹ-թերապիա Կլեֆստրայի համախտանիշով երեխայի համար։ Սա հազվադեպ գենետիկական հիվանդություն է, որը կարող է ուղեկցվել զարգացման ուշացմամբ, մտավոր խանգարումներով, ինչպես նաև խոսքի և հաղորդակցման դժվարություններով։

Մշակված թերապիան փորձարկվել է լաբորատորիայում՝ բջիջների վրա։ Սակայն մարդկանց մասնակցությամբ փորձարկումներին անցնելուն դեռ շատ ժամանակ կա. անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որոնք թույլ կտան գնահատել մեթոդի հեռանկարներն ու անվտանգությունը։

Նախագիծն իրականացվել է Մաք Գիլի համալսարանի և CHU Sainte-Justine համալսարանական հիվանդանոցի համագործակցությամբ։ Հետազոտության ավագ հեղինակ, Մաք Գիլի համալսարանի հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր և Neuro-ի ինտերվենցիոն գենետիկայի ստորաբաժանման ղեկավար Կառլ Էռնստի կարծիքով, նման մոտեցումը կարող է օգտակար լինել ոչ միայն Կանադայում, այլև այլ երկրների գենետիկական ախտորոշման կենտրոններում։

Անհատականացված գենետիկական բուժման մեթոդների մշակման համար անհրաժեշտ բազմաթիվ տեխնոլոգիաներ արդեն գոյություն ունեն։ Այժմ գլխավոր խնդիրն է դրանք միավորել առողջապահության միասնական համակարգում՝ անհատական բուժումն ավելի հասանելի դարձնելու հազվադեպ հիվանդություններ ունեցող ավելի մեծ թվով հիվանդների համար։