Գրոնինգենի համալսարանական բժշկական կենտրոնում (UMCG) տղամարդու օրգանիզմից հեռացրել են 10,3 կգ կշռող բարորակ ուռուցք։ Դրա համար բժիշկները ստիպված են եղել ժամանակավորապես մարմնից դուրս բերել նրա ամբողջ աղիքները։ Այս մասին հայտնում է Telegraaf-ը։

Ուռուցքը հայտնաբերվել է պատահաբար, երբ տղամարդը թոքաբորբի պատճառով դիմել է մեկ այլ հիվանդանոց։ Այդ ժամանակ նա որովայնի ցավեր կամ այլ գանգատներ չի ունեցել։ Սակայն զննման ընթացքում բժիշկը հայտնաբերել է մեծ գոյացություն, որը գրեթե ամբողջությամբ զբաղեցնում էր որովայնի խոռոչը։

Ավելի ուշ բժիշկները պարզել են, որ պացիենտի որովայնն աստիճանաբար մեծացել է մոտավորապես 2000 թվականից ի վեր։ Վիրահատության պահին ուռուցքը հասել էր բասկետբոլի մեծ գնդակի չափերի։

Գոյացությունը սովորական եղանակով հեռացնելը չափազանց բարդ էր, քանի որ ուռուցքի միջով անցնում էին խոշոր արյունատար անոթներ։ Ուստի վիրաբույժներն աղիքները ժամանակավորապես մարմնից դուրս են բերել ուռուցքի հետ միասին, հեռացրել գոյացությունը, ապա աղիքները վերադարձրել իրենց տեղը։

Վիրահատությունը տևել է մոտ տասը ժամ։ Աղիքները մարմնից դուրս են մնացել չորս ժամից մի փոքր ավելի՝ զգալիորեն ավելի երկար, քան նման միջամտությունների ժամանակ սովորական համարվող մոտ 15 րոպեն։ Ուռուցքի հետ միասին աղիքները դուրս բերելուց հետո վիրաբույժները լվացել են դրանք՝ հեռացնելով արյունը, և հյուսվածքների ամբողջ համալիրը սառեցրել մինչև 5 °C-ից ցածր ջերմաստիճան։ Սա թույլ է տվել դանդաղեցնել նյութափոխանակության գործընթացները և նվազեցնել հյուսվածքների թթվածնի պահանջարկը, քանի դեռ օրգանները մարմնից դուրս էին։

Վիրահատությանը մասնակցել են որովայնային վիրաբույժներ, փոխպատվաստման մասնագետներ և պլաստիկ վիրաբույժներ։ Վիրաբույժ Սայբրանդ Հոֆքերի խոսքով՝ հաջող արդյունքը հնարավոր է դարձել տարբեր մասնագիտացումների բժիշկների համատեղ աշխատանքի շնորհիվ։

UMCG-ում այս դեպքն անվանել են առաջինը Եվրոպայում։ Պացիենտ Ռոնալդ վան դե Կիմենադեն վիրահատությունից հետո այլևս չունի նախկին խնդիրները և ասում է, որ իրեն վերածնված է զգում։

«Վիրահատությունն իսկապես իմ փրկությունը դարձավ»,– հայտարարել է պացիենտը։