ԱՄՆ-ում սկսել են կիրառել ռևմատոիդ արթրիտի բուժման նոր մեթոդ՝ փոքր իմպլանտի օգնությամբ, որը խթանում է թափառող նյարդը և օգնում օրգանիզմին կարգավորել բորբոքումը, գրում է News Medical Life Sciences-ը։

SetPoint System սարքը նախատեսված է հիվանդության միջին ծանրության կամ ծանր ընթացք ունեցող չափահաս պացիենտների համար, որոնց չեն օգնում ստանդարտ դեղամիջոցները, կամ որոնք վատ են տանում դրանք։ Համակարգը ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) հավանությունն է ստացել 2025 թվականի հուլիսին։

Միչիգան նահանգում սարքի առաջին առևտրային իմպլանտացումը հոկտեմբերի 26-ին Դետրոյթի Henry Ford հիվանդանոցում կատարել է նյարդավիրաբույժ Էլեն Էյրը։ Իմպլանտը տեղադրվել է 71-ամյա Քիմ Լենդրիթին, որը գրեթե 30 տարի տառապում է ռևմատոիդ արթրիտով։ Սարքն ակտիվացվել է նոյեմբերի 11-ին։

Ռևմատոիդ արթրիտը քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը հարձակվում է օրգանիզմի սեփական հոդային հյուսվածքների վրա։ Դա հանգեցնում է բորբոքման, ցավի, այտուցների և շարժումների կաշկանդվածության։ Ժամանակի ընթացքում հիվանդությունը կարող է առաջացնել հոդերի անդառնալի վնասում և սահմանափակել շարժունակությունը։ Որոշ պացիենտների չի հաջողվում դեղամիջոցների օգնությամբ բավարար արդյունքի հասնել, իսկ մյուսների մոտ բուժումն առաջացնում է կողմնակի ազդեցություններ կամ ժամանակի ընթացքում դառնում պակաս արդյունավետ։

Մոտավորապես խոշոր հաբի չափ ունեցող իմպլանտը պարանոցի փոքր կտրվածքի միջոցով տեղադրում են ձախ թափառող նյարդի վրա։ Այս նյարդը մասնակցում է ներքին օրգանների աշխատանքի կարգավորմանը և փոխազդում բորբոքումը վերահսկող մեխանիզմների հետ։ Էլեկտրական խթանումն ակտիվացնում է օրգանիզմի բնական հակաբորբոքային արձագանքները։

Վիրահատությունը կատարվում է ամբուլատոր պայմաններում և տևում 60-ից 90 րոպե։ Սովորաբար պացիենտը նույն օրը վերադառնում է տուն։ Մի քանի շաբաթ անց՝ կտրվածքի ապաքինումից հետո, ռևմատոլոգն ակտիվացնում է սարքը։ Այնուհետև իմպլանտն ամեն օր մեկ րոպե տևողությամբ ինքնաշխատ կերպով էլեկտրական ազդակներ է հաղորդում՝ հաճախ քնի ընթացքում։ Այն անհրաժեշտ է լիցքավորել շաբաթը մեկ անգամ՝ պարանոցին հագցվող հատուկ սարքի օգնությամբ։ Իմպլանտի ծառայության ժամկետը մինչև 10 տարի է։

Մեթոդի արդյունավետությունը գնահատվել է կլինիկական հետազոտություններում։ Երեք ամիս անց պացիենտների վիճակի բարելավում է արձանագրվել, իսկ մեկ տարի անց մասնակիցների մոտ կեսի մոտ հիվանդության ակտիվությունը նվազել է մինչև ցածր մակարդակ կամ հասել ռեմիսիայի։ Պացիենտների ավելի քան 75%-ի բուժմանը նոր դեղամիջոցներ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջացել։

Էլեն Էյրը նշել է, որ թափառող նյարդի խթանումն արդեն կիրառվում է որոշ նյարդաբանական հիվանդությունների, մասնավորապես, էպիլեպսիայի դեպքում, իսկ այժմ այս մոտեցումն օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի դեպքում բորբոքման վրա ազդելու համար։

Քիմ Լենդրիթը հույս ունի, որ բուժումը կօգնի իրեն մեղմել ցավը և վերականգնել շարժունակությունը։ Հիվանդության տարիներին նա ծնկահոդերի, ուսահոդերի և կոնքազդրային հոդի փոխարինման մի քանի վիրահատություն է տարել։ Չնայած բուժման բազմաթիվ փորձերին՝ ձեռքերի և ոտնաթաթերի ցավերն ու կաշկանդվածությունը պահպանվում են։

«Ուզում եմ ավելի հեշտ շարժվել, և որ ցավը թուլանա։ Ուզում եմ ազատ շարժել ձեռքերս ու մատներս, գրել իմ անունը և քայլել առանց ոտքերի մատների ու ոտնաթաթերի ցավի», — պատմել է պացիենտը իմպլանտն ակտիվացնելուց հետո։

Հետազոտողները նաև դիտարկում են մեթոդի հնարավոր տնտեսական օգուտը։ Ըստ հաշվարկների, որոնց համահեղինակն է Էլեն Էյրը, պացիենտի կյանքի ողջ ընթացքում նման թերապիան կարող է բժշկական օգնության ծախսերը կրճատել ավելի քան 350 հազար դոլարով՝ միայն դեղորայքային բուժման համեմատ։ Սա կանխատեսումային գնահատական է, այլ ոչ թե յուրաքանչյուր պացիենտի համար հաստատված խնայողություն։

Նոր մեթոդը նախատեսված չէ ռևմատոիդ արթրիտ ունեցող բոլոր մարդկանց համար։ Դրա կիրառման հնարավորությունը գնահատվում է անհատապես՝ ռևմատոլոգի և նյարդավիրաբույժի հետ։