ԱՄՆ-ն զրկվել է կարմրուկը հաղթահարած երկրի կարգավիճակից այն բանից հետո, երբ վիրուսը շարունակել է տարածվել ավելի քան 12 ամիս շարունակ։ Նման որոշում է կայացրել Համաամերիկյան առողջապահական կազմակերպության (ՀԱԿ) փորձագիտական խումբը, հայտնում է Axios-ը։

Այս որոշումը 2025 թվականի սկզբից ի վեր գրանցված մի շարք խոշոր բռնկումների սպասելի հետևանքն էր։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) վերջին տվյալներով՝ 2026 թվականի սկզբից երկրում գրանցվել է կարմրուկի 5412 հաստատված դեպք։ Համեմատության համար նշենք, որ ամբողջ 2025 թվականի ընթացքում արձանագրվել էր 2289 դեպք։ Ավելի բարձր ցուցանիշներ վերջին անգամ գրանցվել էին 1991 թվականին, երբ հիվանդացել էր 9643 մարդ։

Կարմրուկը վերացրած երկրի կարգավիճակը շնորհվում է այն դեպքում, երբ 12 ամսվա ընթացքում վիրուսի միևնույն շտամի անընդհատ փոխանցում տեղի չի ունենում։ Այդ կարգավիճակի կորուստը նշանակում է, որ վարակը կրկին տարածվում է երկրի ներսում և պահպանվում առանձին համայնքներում։

Հանրային առողջապահության ոլորտի փորձագետների կարծիքով՝ հիվանդացության աճը պայմանավորված է պատվաստանյութերի նկատմամբ անվստահության խորացմամբ, դաշնային իշխանության ներկայացուցիչների (այդ թվում՝ առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերի) կողմից դրանց անվտանգության ու արդյունավետության վերաբերյալ անհավաստի հայտարարությունների տարածմամբ, ինչպես նաև հակահամաճարակային միջոցառումների ֆինանսավորման կրճատմամբ։

Հիվանդացածների գերակշիռ մասը պատվաստված չի եղել։ Թեև ԱՄՆ-ում պատվաստումների ընդհանուր մակարդակը մնում է համեմատաբար բարձր, կոլեկտիվ իմունիտետը պահպանելու համար անհրաժեշտ է, որ պատվաստված լինի բնակչության ավելի քան 95%-ը։

Հատկապես լուրջ բռնկում է նկատվում Փենսիլվանիայում, որտեղ գրանցվել է կարմրուկի ավելի քան 1500 դեպք և հիվանդության հետ կապված վեց մահ։ 2025 թվականի սկզբից ի վեր խոշոր բռնկումներ են եղել նաև Արևմտյան Տեխասում, Յուտայի ու Արիզոնայի սահմանագծին և Հարավային Կարոլինայում։ Հիվանդացածների իրական թիվը կարող է գերազանցել պաշտոնական տվյալները՝ բավարար թեստավորման բացակայության և հիվանդության թեթև ընթացքով չբացահայտված դեպքերի պատճառով։

«Անթույլատրելի է, որ 2026 թվականին ԱՄՆ-ում մարդիկ մահանան կարմրուկից»,- մինչ որոշման հրապարակումը հայտարարել էր ԱՄՆ Վարակիչ հիվանդությունների ընկերությունը։

Ռոբերտ Վուդ Ջոնսոնի հիմնադրամի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն, CDC-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Բեսերը կարմրուկի վերադարձը կապել է առողջապահական համակարգին հասցված վնասի և պատվաստանյութերի մասին կեղծ պնդումների տարածման հետ։

Թեև դեպքերի մեծ մասում կարմրուկը ծանր հետևանքների չի հանգեցնում, վիրուսն ի վիճակի է ճնշել օրգանիզմի իմունային պատասխանը՝ մեծացնելով այլ վարակների նկատմամբ խոցելիությունը։ CDC-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում կարմրուկով վարակված յուրաքանչյուր հինգերորդ չպատվաստված բնակիչ հոսպիտալացման կարիք է ունենում։ Որոշ երեխաների մոտ վարակը կարող է առաջացնել երկարաժամկետ բարդություններ, այդ թվում՝ տարիներ անց դրսևորվող նյարդաբանական լուրջ հիվանդություններ։

Ավելի վաղ կարմրուկը հաղթահարած երկրի կարգավիճակը կորցրել էին նաև Կանադան և Մեծ Բրիտանիան։ Թեև նման որոշումները հիմնականում խորհրդանշական բնույթ են կրում, դրանք վկայում են այն մասին, որ վիրուսը կրկին ամրապնդվել է բնակչության առանձին խմբերում և շարունակում է շրջանառվել։