Գիտնականները հայտնաբերել են բակտերիալ բջիջների մեջ մկնդեղի թունավոր միացության ներթափանցման անսպասելի եղանակ. այն օգտագործում է փոխադրող-սպիտակուց, որի միջոցով բակտերիաները սննդանյութեր են ստանում։ Այս բացահայտումը կարող է օգնել բակտերիալ վարակների դեմ պայքարի նոր մոտեցումներ մշակելու գործում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Շվեդիայի Ումեոյի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես է արսենատը՝ մկնդեղի թունավոր ձևը, ներթափանցում բջիջներ։ Նախկինում հայտնի էր, որ այն կարող է ներս թափանցել ֆոսֆատների փոխադրիչների միջոցով, քանի որ քիմիապես նման է բջիջների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆոսֆատին։

Այժմ գիտնականները հայտնաբերել են արսենատի ներթափանցման ևս մեկ ուղի՝ GlpT սպիտակուցը։ Սովորաբար այն օգնում է բակտերիաներին յուրացնել իրենց աճի համար անհրաժեշտ գլիցերոլ-3-ֆոսֆատը։

Խոլերա առաջացնող Vibrio cholerae բակտերիայով կատարված փորձերում GlpT-ի հեռացումը հանգեցրել է բջիջների ներսում արսենատի կուտակման մոտ 100 անգամ նվազման։ Իսկ այս սպիտակուցի քանակի ավելացման դեպքում բակտերիաները զգալիորեն ավելի զգայուն են դարձել տոքսինի նկատմամբ։ Հետազոտողների տվյալներով՝ նման մեխանիզմ կարող է գործել նաև բակտերիաների բազմաթիվ այլ տեսակների մոտ։

Գիտնականները նաև պարզել են, որ պոպուլյացիայի բարձր խտության պայմաններում բակտերիաներն ավելի քիչ GlpT են արտադրում։ Արդյունքում՝ ավելի քիչ արսենատ է ներթափանցում բջիջներ, և տոքսինի նկատմամբ դրանց դիմադրողականությունը բարձրանում է։ Փոխադրիչի քանակի վրա ազդում է նաև սննդանյութերի հասանելիությունը։

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն, որ GlpT-ն նաև բակտերիալ վարակների բուժման համար կիրառվող ֆոսֆոմիցին հակաբիոտիկի՝ բակտերիալ բջիջներ ներթափանցման հիմնական ուղիներից մեկն է։ Այսպիսով, միևնույն սպիտակուցն օգնում է բակտերիաներին սննդանյութեր ստանալ, բայց միաժամանակ ճանապարհ է բացում թունավոր միացությունների և դեղամիջոցների առջև։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս առանձնահատկությունը կարող է հիմք դառնալ ախտածին բակտերիաների դեմ պայքարի նոր եղանակների համար։ Սակայն բացահայտման գործնական կիրառման համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։ Գիտնականները դեռ պետք է պարզեն, թե ինչպես կարելի է կառավարել փոխադրիչի ակտիվությունը և օգտագործել սննդանյութերի ընդունումից բակտերիաների կախվածությունը՝ միաժամանակ չնվազեցնելով բուժման արդյունավետությունը։