Գիտնականները գլխուղեղում հայտնաբերել են մի մեխանիզմ, որը կարող է բացատրել, թե ինչու է վաղ տարիքում ապրած սթրեսը կանանց ավելի խոցելի դարձնում խրոնիկական ցավի և տագնապային խանգարումների նկատմամբ։ Մկների վրա կատարված փորձի ընթացքում հետազոտողները պարզել են, որ սթրեսը փոխում է նեյրոնային կապերի աշխատանքը՝ նյարդի հետագա վնասումից հետո ուժեղացնելով ցավային զգայունությունը։ Արու մկների մոտ նման ազդեցություն չի նկատվել։
Հայդելբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետի և Մանհայմի Հոգեկան առողջության կենտրոնական ինստիտուտի մասնագետների անցկացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են Science հանդեսում։
Հետազոտության ղեկավար Սեբաստիան Վիլանդն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են վաղ սոցիալական սթրեսի հետևանքները՝ այն մոդելավորելով մորից կտրելուց հետո մկներին մեկուսացնելու միջոցով։ Այնուհետև կենդանիների նյարդը վնասել են և գնահատել մեխանիկական գրգռիչների նկատմամբ նրանց արձագանքը, ինչպես նաև տագնապայնության հետ կապված վարքագիծը։
Վաղ տարիքում սթրես ապրած էգ մկների մոտ նյարդի վնասումից հետո նկատվել է ավելի արտահայտված և երկարատև գերզգայունություն նույնիսկ թույլ մեխանիկական ազդեցությունների նկատմամբ։ Նրանց մոտ նաև ավելի հաճախ է դրսևորվել տագնապի հետ կապված խուսափողական վարքագիծ։ Արուների մոտ արձագանքի նման ուժեղացում չի հայտնաբերվել։ Ընդ որում, միայն վաղ սթրեսը չէր առաջացնում այդ փոփոխությունների համակցությունը. բարձր խոցելիությունը դրսևորվում էր հետագա վնասումից հետո։
Հետազոտողները հնարավոր բացատրությունը գտել են թալամուսի հարփորոքային կորիզն ու նշաձև մարմնի կենտրոնական կորիզը միացնող նեյրոնային շղթայում։ Դրանք գլխուղեղի երկու շրջաններ են, որոնք մասնակցում են սպառնալիքի, սթրեսի և ցավի ազդանշանների մշակմանը։
Էգերի շրջանում վաղ սթրեսը երկար ժամանակով փոխում էր այս նեյրոնային կապերի աշխատանքը։ Նյարդի վնասումից հետո շղթան ավելի ուժգին էր փոխանցում որոշակի ազդանշաններ՝ ուժեղացնելով ցավային զգայունությունը։ Դրա ակտիվությունն աճում էր նաև հնարավոր սպառնալիքի սպասման ժամանակ, ինչը կարող էր նպաստել տագնապով պայմանավորված խուսափողական վարքագծին։
Երբ գիտնականներն ընտրողաբար ճնշում էին այս նեյրոնային ցանցի ակտիվությունը, ցավի նկատմամբ գերզգայունությունն ու խուսափողական վարքագիծը նվազում էին։ Ընդ որում, վնասման նկատմամբ անմիջական ցավային արձագանքը պահպանվում էր։ Դա վկայում է նրա մասին, որ հայտնաբերված մեխանիզմը մասնակցում է հենց վաղ սթրեսի հետ կապված ցավային զգայունության լրացուցիչ ուժեղացմանն ու երկարատև պահպանմանը։
Ըստ Վիլանդի՝ վաղ տարիքում ապրած սթրեսը կարող է կայուն փոփոխություններ թողնել սպառնալիքների մշակման համար պատասխանատու ուղեղային շղթաներում։ Այդ փոփոխությունները պարտադիր չէ, որ անմիջապես ախտանիշներ առաջացնեն, սակայն կարող են ստեղծել թաքնված խոցելիություն, որը դրսևորվում է տարիներ անց՝ նոր անբարենպաստ իրադարձությունից հետո։
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունն անցկացվել է կենդանիների վրա, ուստի դրա արդյունքները չի կարելի ուղղակիորեն տարածել մարդկանց վրա։ Այնուամենայնիվ, աշխատանքն առաջարկում է հնարավոր նյարդակենսաբանական բացատրություն բժիշկների այն դիտարկումներին, ըստ որոնց՝ վաղ հոգեբանական տրավմաները կապված են հասուն տարիքում խրոնիկական ցավի նկատմամբ բարձր զգայունության հետ։
Հետագայում հետազոտողները մտադիր են ուսումնասիրել նման խոցելիությունն ուղեկցող մոլեկուլային փոփոխությունները։ Հեռանկարում դա կարող է օգնել բացահայտել ռիսկի կենսամարկերներ և մշակել խրոնիկական ցավի բուժման ավելի թիրախային մեթոդներ՝ հաշվի առնելով տղամարդկանց և կանանց կենսաբանական տարբերությունները։ Սակայն նախ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք նման մեխանիզմ գործում է նաև մարդկանց մոտ։










