Արյան մեջ D վիտամինի ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ միջինում ավելի երկար են քնում և գիշերն ավելի հազվադեպ են արթուն մնում, ցույց է տվել հետազոտությունը։
Աշխատանքը հրապարակվել է The Journals of Gerontology, Series A: Biological Sciences and Medical Sciences բժշկագիտական հանդեսում։
Գիտնականները փոխադարձ կապ են հայտնաբերել այս վիտամինի խտության և քնի տևողության միջև, սակայն դեռ պարզված չէ՝ արդյոք D վիտամինը բարելավո՞ւմ է քնի որակը, թե՞ երկու ցուցանիշներն էլ կախված են այլ գործոններից։
Հետազոտողները վերլուծել են միջին և տարեց տարիքի 460 մարդու արյան հետազոտությունների արդյունքներն ու քնի վերաբերյալ տվյալները։ D վիտամինի ամենաբարձր մակարդակ ունեցող մասնակիցների գիշերային քունը գրեթե 20 րոպեով ավելի երկար է եղել, քան ամենացածր ցուցանիշներ ունեցողների քունը։ Ընդ որում՝ վիտամինի պակաս ունեցող մասնակիցները միջինում մոտ 23 րոպեով ավելի քիչ են քնել, քան նորմալ մակարդակ ունեցող մարդիկ։
D վիտամինի խտության և քնի որակի միջև կապն ավելի արտահայտված է եղել հետազոտության սևամորթ մասնակիցների շրջանում։
Ըստ աշխատանքի ավագ հեղինակ, Ջոնս Հոփքինսի համալսարանի քնի հետազոտող Ադամ Սպիրայի՝ արդյունքները վկայում են, որ անհրաժեշտ է հետագայում ուսումնասիրել՝ արդյոք D վիտամինի մակարդակի բարձրացումը կարո՞ղ է բարելավել քունը։
Միաժամանակ հետազոտությունը չի ապացուցում, որ հենց վիտամինի պակասն է առաջացնում քնի խանգարումներ, կամ որ հավելումների ընդունումը կարող է վերացնել դրանք։ Գիտնականներին չի հաջողվել նաև պարզել, թե մասնակիցները որտեղից են ստացել D վիտամինը՝ սննդից, արևի լույսի ազդեցությամբ, թե սննդային հավելումներից։
Հետագայում հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել՝ արդյոք D վիտամինի մակարդակի և քնի որակի միջև կապը կախված է դրա ստացման աղբյուրից։









