Ալկոհոլի կանոնավոր օգտագործումը կարող է գրեթե կիսով չափ նվազեցնել քաղցկեղի իմունաթերապիայի արդյունավետությունը։ Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ ուսումնասիրելով ալկոհոլի ազդեցությունը մկների թոքերի և միզապարկի ուռուցքների բուժման վրա, ինչպես նաև թոքերի քաղցկեղով հիվանդների տվյալները։ Արդյունքները հրապարակվել են Science Signaling ամսագրում։

Գիտնականները կենտրոնացել են իմունային հսկիչ կետերի արգելակիչների վրա՝ դեղամիջոցների, որոնք օգնում են իմունային համակարգին ճանաչել և ոչնչացնել քաղցկեղային բջիջները։ Այս խմբին են պատկանում PD-1 սպիտակուցն արգելափակող դեղամիջոցները, այդ թվում՝ պեմբրոլիզումաբը և նիվոլումաբը։

Բնականոն պայմաններում PD-1-ը յուրատեսակ արգելակ է ծառայում T-լիմֆոցիտների՝ ուռուցքները ոչնչացնող իմունային բջիջների համար։ Քաղցկեղային բջիջները կարող են օգտագործել այս մեխանիզմը՝ ճնշելով իմունային պատասխանը։ PD-1-ն արգելափակող դեղամիջոցները վերացնում են այս սահմանափակումը և թույլ են տալիս T-լիմֆոցիտներին գրոհել ուռուցքը։

Պարզելու համար, թե ալկոհոլն ինչպես է ազդում բուժման վրա, հետազոտողները հինգ շաբաթ շարունակ մկներին տվել են ալկոհոլի չափավոր կամ մեծ չափաբաժիններ, ապա նրանց ներարկել քաղցկեղային բջիջներ և իրականացրել իմունաթերապիա։ Արդյունքները ցույց են տվել, որ ալկոհոլի օգտագործումը մոտ 50%-ով նվազեցրել է բուժման արդյունավետությունը և մեծացրել ուռուցքների կրկնակի աճի հավանականությունը։

2014–2018 թվականներին Չապել Հիլում գտնվող Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ուռուցքաբանական հիվանդանոցում բուժված հիվանդների բժշկական տվյալների վերլուծությունը նմանատիպ օրինաչափություն է բացահայտել։ Թոքերի քաղցկեղով այն հիվանդների մոտ, որոնք շաբաթական մեկ չափաբաժնից ավելի ալկոհոլ էին օգտագործում, հակա-PD-1 դեղամիջոցներով բուժման առավելությունները՝ ապրելիության տեսանկյունից, ավելի թույլ էին արտահայտված։ Ընդ որում, հետազոտությունը կապ է հայտնաբերել ալկոհոլի օգտագործման և բուժման արդյունքների միջև, սակայն ինքնին չի ապացուցում մարդկանց մոտ պատճառահետևանքային կապի առկայությունը։

Գիտնականները պարզել են նաև այս ազդեցության հնարավոր մեխանիզմը։ Ալկոհոլի ազդեցությամբ ուռուցքային հյուսվածքում նվազել է քաղցկեղի դեմ պայքարին մասնակցող CD4+ և CD8+ T-լիմֆոցիտների քանակը։ Բացի այդ, CD8+ բջիջները դարձել են պակաս ակտիվ, ավելի քիչ ինտերֆերոն-գամմա են արտադրել՝ ազդանշանային սպիտակուց, որն օգնում է օրգանիզմին պայքարել ուռուցքի դեմ, և ավելի վատ են ոչնչացրել քաղցկեղային բջիջները։

Միաժամանակ բարձրացել է իմունային բջիջների մեկ այլ արգելակող ընկալիչի՝ TIGIT-ի ակտիվությունը։ Այն սահմանափակում է իմունային պատասխանը՝ կանխելով պաշտպանական բջիջների չափազանց մեծ ակտիվությունը, սակայն ուռուցքի առկայության դեպքում կարող է խանգարել քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարին։

Մկների վրա կատարված փորձերում հետազոտողները փորձել են հաղթահարել այս ազդեցությունը՝ համատեղելով PD-1-ի արգելափակումը TIGIT-ը ճնշող դեղամիջոցի հետ։ Այս համակցությունը բուժման նկատմամբ ուռուցքի լիարժեք պատասխանի հաճախականությունը գրեթե վերականգնել է մինչև ալկոհոլ չստացած կենդանիների մոտ դիտված մակարդակը։

Հեղինակներն ընդգծում են, որ իմունաթերապիայի արդյունավետության վրա ալկոհոլի ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։ Մասնավորապես, գիտնականներն առաջարկում են բժշկական տվյալների շտեմարաններում համակարգված կերպով ներառել ալկոհոլի օգտագործման մասին տեղեկությունները՝ քաղցկեղի տարբեր տեսակների բուժման արդյունքների հետ դրա կապն ավելի ճշգրիտ գնահատելու համար։