Գիտնականները պարզել են, որ արյան քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար կիրառվող հակաքաղցկեղային ազացիտիդին դեղամիջոցը հիմնականում ազդում է ՌՆԹ-ի, այլ ոչ թե ԴՆԹ-ի միջոցով, ինչպես ենթադրվում էր նախկինում։ Բացահայտումը կարող է օգնել բացատրել դեղամիջոցի արդյունավետությունը, նոր դեղերի համար գտնել ավելի ճշգրիտ թիրախներ և սովորել կանխատեսել, թե որ հիվանդներին բուժումն օգուտ կբերի։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Cell ամսագրում։

Ավելի քան 20 տարի ազացիտիդինն օգտագործում են բարձր ռիսկի միելոդիսպլաստիկ համախտանիշների և սուր միելոիդ լեյկոզի բուժման համար։ Համարվում էր, որ դեղամիջոցը ԴՆԹ-ից հեռացնում է որոշակի գեների ակտիվությունն արգելափակող քիմիական մարկերները՝ թույլ տալով, որ այդ գեները կրկին ակտիվանան։ Սակայն բուժումն օգնում է պացիենտների միայն մոտ մեկ երրորդին և կեսին, իսկ դրա արդյունավետությունը նախապես որոշելու հուսալի եղանակ մինչ օրս չկա։

Չիկագոյի համալսարանի և Սան Անտոնիոյի Տեխասյան համալսարանի առողջապահական գիտությունների կենտրոնի հետազոտողներն ուսումնասիրել են դեղամիջոցի ներմուծմանը հաջորդող առաջին ժամերը։ Բարձր ճշգրտության զանգվածային սպեկտրաչափության միջոցով նրանք հայտնաբերել են, որ արդեն ութ ժամ անց կտրուկ նվազում է մեթիլային մարկերների քանակը քրոմատինի՝ բջջակորիզում գտնվող ԴՆԹ-ի և սպիտակուցների համալիրի հետ կապված ՌՆԹ-ի վրա։ Մինչդեռ առաջին 24 ժամվա ընթացքում ԴՆԹ-ի մեթիլացման նկատելի փոփոխություններ չեն արձանագրվել։

Գիտնականները պարզել են, որ ազացիտիդինը փոխազդում է NSUN2 ֆերմենտի հետ, որը ՌՆԹ-ի վրա տեղադրում է այդ քիմիական մարկերները։ Արդյունքում՝ ճնշվում է այն գեների ակտիվությունը, որոնք քաղցկեղային բջիջներին անհրաժեշտ են բաժանվելու և վնասված ԴՆԹ-ն վերականգնելու համար։ Լեյկոզային բջիջները դադարում են բազմանալ և մահանում են։

Սա բացատրում է նաև ազացիտիդինի և կառուցվածքով դրան մոտ դեցիտաբին դեղամիջոցի տարբերությունները. վերջինս հիմնականում ազդում է ԴՆԹ-ի վրա։ Բուժման առաջին օրվա ընթացքում դեցիտաբինը գրեթե չէր ազդում քաղցկեղային բջիջների կենսունակության վրա, մինչդեռ ազացիտիդինն արագ գործարկում էր դրանց մահվան գործընթացը։

Լրացուցիչ փորձերը հաստատել են NSUN2-ի դերը. երբ հետազոտողները գենետիկական մեթոդներով ճնշում էին այս ֆերմենտի արտադրությունը, քաղցկեղային բջիջներում ի հայտ էին գալիս նույն խանգարումները, ինչ ազացիտիդինով բուժման դեպքում։

Բացահայտումը կարող է օգնել բարելավել նաև համակցված բուժումը։ Ազացիտիդինը կիրառվում է վենետոկլաքսի՝ քաղցկեղային բջիջների մահվան գործընթացը գործի դնող դեղամիջոցի հետ միասին։ Բացի այդ, TET2 կամ IKZF1 գեներում մուտացիաներ ունեցող լեյկոզային բջիջները հատկապես զգայուն են եղել ՌՆԹ-ի մեթիլացման խանգարման նկատմամբ։ Եթե այս արդյունքները հաստատվեն պացիենտների մոտ, համապատասխան գենետիկական հատկանիշները կարող են օգնել կանխատեսել արձագանքը բուժման նկատմամբ։

Հետագայում գիտնականները նախատեսում են մշակել NSUN2-ն ընտրողաբար արգելափակող դեղամիջոցներ։ Դա կարող է թույլ տալ ավելի ճշգրիտ ազդել ուռուցքային բջիջների վրա և նվազեցնել բուժման նկատմամբ կայունության առաջացման վտանգը։