Հանչժոուի մոր և մանկան առողջության պահպանման հիվանդանոցի բժիշկները 13-ամյա աղջկա մոտ ախտորոշել են ստամոքսի քաղցկեղի ագրեսիվ ձև, որն արդեն տարածվել էր լյարդի, երկու ձվարանների և այլ օրգանների վրա։ Բուժող բժշկի գնահատմամբ՝ հիվանդության զարգացմանը կարող էին նպաստել տարիներ շարունակ ոչ ճիշտ սնվելը, աղի և մարինացված մթերքների չափից ավելի օգտագործումն ու Helicobacter pylori վարակը։ Այս մասին հայտնում է UDN պարբերականը։

Մեկ տարի շարունակ աղջիկը գանգատվել է որովայնի ցավերից և փքվածությունից, սակայն ընտանիքն այդ ախտանշանները համարել է մարսողության սովորական խանգարման դրսևորումներ և բժշկական օգնության չի դիմել։ Երբ երեխայի վիճակը վատթարացել է, համակարգչային շերտագրությամբ հայտնաբերվել է ստամոքսի տարածված չարորակ ուռուցք։ Բժիշկներն ախտորոշել են մատանիաձև բջջային կարցինոմա՝ քաղցկեղի ագրեսիվ տեսակ, որն արագ տարածվելու հակում ունի։

Հետազոտության պահին մետաստազներ են հայտնաբերվել լյարդում, երկու ձվարաններում, հետորովայնամզային տարածությունում և ճարպոնում։ Հյուսվածքների լայնածավալ ախտահարման պատճառով ուռուցքը վիրահատությամբ ամբողջությամբ հեռացնելն արդեն անհնար էր։

Գաստրոէնտերոլոգիական բաժանմունքի ղեկավար Տան Վեյհունն ուսումնասիրել է հիվանդության պատմությունն ու ուշադրություն դարձրել աղջկա սննդակարգին։ Աղջիկը երկար ժամանակ հաճախ կերել է տնական մարինացված բանջարեղեն և այլ աղի մթերքներ, արագ պատրաստվող լապշա ու խորոված։ Նա անկանոն է սնվել և չի ստացել անհրաժեշտ սննդանյութերը լիարժեք քանակով։

«Նման սննդակարգը կարող էր հանգեցնել օրգանիզմ նիտրիտների չափից ավելի ներթափանցմանը և պաշտպանական մեխանիզմների թուլացմանը։ Ռիսկի լրացուցիչ գործոն է դարձել Helicobacter pylori բակտերիայով երկարատև վարակը, որը կապված է ստամոքսի քաղցկեղի զարգացման հետ», — նշել է բժիշկը։

Բժիշկն ընդգծել է, որ անբարենպաստ սննդային սովորությունների և վարակի համակցությունը կարող էր նպաստել չարորակ փոփոխությունների զարգացմանը։ Միաժամանակ, միայն մեկ պացիենտի հիվանդության պատմության հիման վրա հիվանդության ճշգրիտ պատճառը որոշելն անհնար է։

Տան Վեյհունը ծնողներին կոչ է արել երեխաների մոտ կրկնվող որովայնային ցավերը, փքվածությունն ու ախորժակի նվազումը չվերագրել մարսողության սովորական խանգարմանը։ Նրա խոսքով՝ եթե նման ախտանշանները պահպանվում են մեկ շաբաթից ավելի, անհրաժեշտ է դիմել բժշկի։