Իմունաթերապիան օգնում է իմունային համակարգին ճանաչել և ոչնչացնել ուռուցքները, սակայն դրա արդյունավետությունը կախված է T-լիմֆոցիտների վիճակից։ Cancer Biology & Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր ակնարկը ցույց է տալիս, որ այդ բջիջների ԴՆԹ-ի վնասումը կարող է թուլացնել հակաուռուցքային իմունային պատասխանը և կրճատել բուժման ազդեցության տևողությունը։
Չինաստանի մի շարք գիտական հաստատությունների հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես են առաջանում T-լիմֆոցիտների վնասումները, ինչ մեխանիզմներ են դրանց թույլ տալիս վերականգնել ԴՆԹ-ն, և ինչպես են այդ գործընթացներն ազդում իմունային համակարգի աշխատանքի վրա։
Ուռուցքային միկրոմիջավայրում T-բջիջները ենթարկվում են թթվածնի ակտիվ ձևերի ազդեցությանը, ունենում են սննդանյութերի պակաս և բախվում իմունիտետը ճնշող նյութերի։ Լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում քիմիաթերապիան, ճառագայթային թերապիան և ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմների վրա ազդող դեղամիջոցները։
Հետևանքները կարող են լուրջ լինել. վնասված T-բջիջներն ավելի հաճախ են մահանում, ավելի վատ են ոչնչացնում ուռուցքային բջիջները և արտադրում են ավելի քիչ կարևոր իմունային մոլեկուլներ, ներառյալ՝ ինտերֆերոն-գամմա։ Բացի դրանից, խաթարվում է իմունային հիշողության բջիջների ձևավորումը, որոնք անհրաժեշտ են ուռուցքից երկարատև պաշտպանության համար։
Խոցելիությունը կախված է նաև T-լիմֆոցիտների տեսակից։ Օրինակ՝ ուռուցքի երկարատև ազդեցությանը ենթարկվող հյուծված T-բջիջներում նկատվում են ավելի արտահայտված վնասման նշաններ։ Մինչդեռ իմունային հիշողության ցողունանման բջիջներն ավելի լավ են վերականգնում ԴՆԹ-ն և կարող են պահպանել երկարատև հակաուռուցքային պատասխան ապահովելու կարողությունը։
Գիտնականները միաժամանակ ուշադրություն են հրավիրում հնարավոր կարևոր հակասության վրա. PARP-ի արգելակիչները՝ դեղամիջոցներ, որոնք խաթարում են ԴՆԹ-ի վերականգնումը և կիրառվում որոշ ուռուցքների բուժման համար, միաժամանակ կարող են ուժեղացնել T-լիմֆոցիտների վնասումները։ Դա կարող է թուլացնել այն իմունային բջիջները, որոնք պետք է օգնեն ոչնչացնել քաղցկեղը։
T-բջիջների պաշտպանության հնարավոր եղանակներն առայժմ ուսումնասիրվում են հիմնականում նախակլինիկական մոդելներում։ Հեռանկարային մոտեցումներից են ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմների աշխատանքի համար անհրաժեշտ NAD+-ի մակարդակի բարձրացումը, CD38 սպիտակուցի արգելափակումը և դեղամիջոցների ներմուծման հաջորդականության փոփոխությունը։ Մկների վրա կատարված փորձերում այս միջամտություններից մի քանիսը բարելավել են T-բջիջների բազմացումն ու ուռուցքային բջիջները ոչնչացնելու կարողությունը։
Հեղինակները կարծում են, որ հակաուռուցքային թերապիա մշակելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն բուն ուռուցքում ԴՆԹ-ի վնասումը, այլև իմունային բջիջների համար բուժման հետևանքները։ Հետագայում T-լիմֆոցիտների՝ ԴՆԹ-ն վերականգնելու կարողության գնահատումը կարող է օգնել դեղամիջոցների ավելի արդյունավետ համակցություններ ընտրել և նվազեցնել իմունային համակարգին հասցվող վնասը։ Սակայն առաջարկվող ռազմավարությունները դեռ պետք է ստուգվեն կլինիկական հետազոտություններում։










