Քաղցկեղի դեմ պայքարում իմունային համակարգի արդյունավետությունը կախված է ոչ միայն առանձին բջիջների՝ ուռուցքը ոչնչացնելու ունակությունից, այլև դրանց փոխազդեցությունից։ Ավստրալացի գիտնականները վերլուծել են բնական քիլերների՝ NK բջիջների վերաբերյալ հետազոտությունները և պարզել, թե դրանք ինչ դեր են խաղում ուռուցքների դեմ իմունային պատասխանի մեկնարկի և պահպանման գործում։ Վերլուծության արդյունքները հրապարակվել են Nature Cancer ամսագրում։

NK բջիջները պատկանում են իմունային պաշտպանության առաջին գծին։ Ի տարբերություն որոշ այլ իմունային բջիջների՝ կոնկրետ ուռուցքը ճանաչելու համար դրանք նախնական ուսուցման կարիք չունեն. կարող են ինքնուրույն հայտնաբերել և ոչնչացնել չարորակ բջիջները։ Սակայն դրանց գործառույթը չի սահմանափակվում անմիջական հարձակմամբ։ NK բջիջները նաև արտազատում են ազդանշանային մոլեկուլներ, որոնք ներգրավում և ակտիվացնում են իմունային համակարգի այլ բաղադրիչները։

Ինչպես նշել են Մոնաշի համալսարանից Նիկոլաս Հանթինգթոնը և Մելբուռնի համալսարանից նրա գործընկերները, առանձնահատուկ նշանակություն ունի NK բջիջների փոխազդեցությունը դենդրիտային բջիջների հետ։ Վերջիններս կլանում են ուռուցքային բջիջների հատվածները՝ հակագեները, և դրանք ներկայացնում T-լիմֆոցիտներին՝ օգնելով գործարկել ավելի ճշգրիտ և նպատակաուղղված իմունային պատասխան։

Այս գործընթացում կարևոր դեր է խաղում ինտերլեյկին-12-ը (IL-12), որն արտադրում են ակտիվացած դենդրիտային բջիջները։ Այն խթանում է NK բջիջների կողմից ինտերֆերոն-գամմայի արտազատումը։ Այս մոլեկուլն իր հերթին ուժեղացնում է դենդրիտային բջիջների ակտիվությունը, բարելավում ուռուցքային հակագեների ներկայացումը և նպաստում ուռուցքի մեջ լրացուցիչ իմունային բջիջների ներգրավմանը։ Առաջանում է մի տեսակ հետադարձ կապ, որը թույլ է տալիս պահպանել բորբոքային ռեակցիան և ուժեղացնել հարձակումը չարորակ բջիջների վրա։

Սակայն ձևավորված մեծ ուռուցքներում այս համակարգը հաճախ խաթարվում է։ Ուռուցքը կարող է ճնշել NK բջիջները ներգրավող ազդանշանները, թուլացնել դենդրիտային բջիջների ակտիվությունը և արտազատել իմունային բջիջների աշխատանքին խանգարող նյութեր։ Բացի այդ, ուռուցքային միկրոմիջավայրում հաճախ նկատվում է թթվածնի և գլյուկոզայի պակաս, ինչպես նաև կուտակվում են նյութափոխանակության արգասիքներ։ Սա խաթարում է NK բջիջների էներգետիկ գործընթացները և նվազեցնում քաղցկեղային բջիջները ոչնչացնելու դրանց ունակությունը։

Հետազոտողները նշել են մի պարադոքսի մասին. չարորակ բջիջները կարող են հաջողությամբ ոչնչացվել, քանի դեռ շրջանառվում են արյան մեջ, սակայն հյուսվածքներ ներթափանցելուց և ուռուցք ձևավորելուց հետո կարող են խուսափել իմունային պատասխանից։ Պատճառը կարող է լինել ոչ միայն NK բջիջների՝ ուռուցքային բջիջները սպանելու ունակության թուլացումը, այլև դենդրիտային բջիջների հետ դրանց փոխազդեցության խաթարումը։

Գիտնականներն ուսումնասիրել են այս համակարգված աշխատանքը վերականգնելու ուղիները։ Մոտեցումներից մեկը կապված է IL-12-ի հետ, սակայն դրա համակարգային կիրառումը սահմանափակվում է լուրջ կողմնակի ազդեցությունների վտանգով։ Տարածված մելանոմա ունեցող պացիենտների մասնակցությամբ կլինիկական հետազոտությունում IL-12-ի վրա հիմնված գենային թերապիայի տեղային կիրառումը՝ իմունային հսկիչ կետերի արգելակիչի հետ համակցված, բուժման պատասխան է ապահովել մասնակիցների 41 տոկոսի մոտ, ընդ որում՝ 36 տոկոսի մոտ արձանագրվել է ամբողջական պատասխան։ Հետազոտողների տվյալներով՝ համակցված բուժումը լավ ազդեցություն է ունեցել։

Հետազոտությունների մյուս ուղղությունները ներառում են FLT3 լիգանդի կիրառումը, որը նպաստում է դենդրիտային բջիջների զարգացմանն ու գոյատևմանը, ինչպես նաև NK բջիջների՝ այդ բջիջներն ուռուցքի մեջ ներգրավելու ունակությունն ուժեղացնելու ուղիների որոնումը։

Վերլուծության հեղինակների կարծիքով՝ իմունաթերապիայի ապագա մեթոդները կարող են ավելի արդյունավետ լինել, եթե միաժամանակ ազդեն իմունային համակարգի մի քանի բաղադրիչների՝ NK բջիջների, դենդրիտային բջիջների և T-լիմֆոցիտների վրա։ Դրանց միջև փոխազդեցության վերականգնումը կարող է օգնել իմունային համակարգին շարունակել հարձակումը ուռուցքի վրա և հաղթահարել բուժման առկա մեթոդների նկատմամբ կայունությունը։