Ճապոնացի գիտնականները պարզել են, որ հազվադեպ հանդիպող բնական շաքար D-սորբոզը կարող է ուժեղացնել չափազանց բուռն բորբոքային ռեակցիաները ճնշող իմունային բջիջների աշխատանքը։ Մկների վրա կատարված փորձերում այս նյութը նվազեցրել է ալերգենով պայմանավորված շնչուղիների բորբոքումը, ինչպես նաև կենդանիներին պաշտպանել աուտոիմուն շաքարախտի զարգացումից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The FASEB Journal բժշկագիտական հանդեսում։
Ֆուձիտայի բժշկական համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես է D-սորբոզն ազդում կարգավորիչ T-բջիջների (Treg) վրա։ Այդ բջիջներն օգնում են իմունային համակարգին չհարձակվել օրգանիզմի սեփական հյուսվածքների վրա և զսպում են արտաքին գրգռիչների նկատմամբ չափազանց բուռն ռեակցիաները։
Լաբորատոր փորձերում հազվադեպ հանդիպող այս շաքարն ավելացրել է նման բջիջների քանակը։ Այնուհետև գիտնականները ստուգել են դրա ազդեցությունը շնչուղիների ալերգիկ բորբոքում ունեցող մկների վրա։ D-սորբոզ ստացած կենդանիների թոքերում և ավշային հանգույցներում ավելացել է կարգավորիչ T-բջիջների քանակը։ Դրանք ավելի ակտիվ են ճնշել բորբոքումը և արտադրել ավելի շատ ինտերլեյկին-10՝ հակաբորբոքային ազդեցություն ունեցող նյութ։
Երբ հետազոտողները հեռացրել են կարգավորիչ T-բջիջները, պաշտպանիչ ազդեցությունն անհետացել է։ Դա հաստատել է, որ շաքարի նկատմամբ արձագանքում առանցքային դեր են խաղում հենց այդ բջիջները։
Մեկ այլ փորձում D-սորբոզն օգնել է կանխել մկների մոտ աուտոիմուն շաքարախտի զարգացումը. ի տարբերություն ստուգիչ խմբի՝ շաքար ստացած կենդանիների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պահպանվել է նորմայի սահմաններում։
Գիտնականները պարզել են նաև, որ D-սորբոզը փոխում է իմունային բջիջների ներսում նյութափոխանակությունը՝ պայմաններ ստեղծելով կարգավորիչ T-բջիջների ձևավորման համար։
Հետազոտողները կարծում են, որ հայտնագործությունը կարող է հիմք դառնալ ալերգիկ և աուտոիմուն հիվանդությունների դեմ նոր միջոցների մշակման համար։ Սակայն առայժմ արդյունքները հաստատվել են միայն բջջային փորձերում և կենդանիների վրա։ Մարդկանց համար D-սորբոզի արդյունավետությունն ու անվտանգությունը դեռ պետք է ստուգվեն։










