Դանիայի տեխնիկական համալսարանի (DTU) հետազոտողները մշակել են փորձարարական պատվաստանյութ, որը նախատեսված է միաժամանակ մի քանի հարակից սննդային ալերգեններից պաշտպանելու համար։ Մկների վրա և մարդկանց արյան նմուշներով կատարված հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական ամսագրում։ Մարդկանց շրջանում պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը դեռ չեն ստուգվել։
Աշխարհում ավելի քան 220 մլն մարդ ունի սննդային ալերգիա․ իմունային համակարգը սննդի մեջ պարունակվող անվնաս սպիտակուցն ընկալում է որպես սպառնալիք՝ առաջացնելով ռեակցիա, որը ծանր դեպքերում կարող է կյանքին վտանգ սպառնալ։ Բուժման մոտեցումներից մեկը ալերգենի աստիճանաբար աճող դեղաչափերի ներմուծումն է՝ դրա նկատմամբ հանդուրժողականություն ձևավորելու նպատակով։ Սակայն այդ գործընթացը կարող է տարիներ տևել, և դրա բարդության ու անհարմարության պատճառով շատերը նախընտրում են խուսափել ալերգիա առաջացնող մթերքներից։
DTU-ի մշակած մոտեցման հիմքում սինթետիկ ալերգենն է, որը միավորում է մի քանի հարակից ալերգենների ընդհանուր հատկանիշները, օրինակ՝ դեղձի և որոշ ընկույզների մեջ պարունակվող ալերգենների։
Այդ սինթետիկ ալերգենի արտադրության հրահանգներն օրգանիզմին փոխանցելու համար օգտագործվում է մՌՆԹ տեխնոլոգիան։ Դա շատ նման է այն տեխնոլոգիային, որը կիրառվել է COVID-19-ի դեմ որոշ պատվաստանյութերում։
«Մենք մՌՆԹ-ն օգտագործում ենք որպես տրոյական ձի. հիվանդին իրական ալերգեն տալու և դրա նկատմամբ հանդուրժողականություն ձևավորելու փոխարեն օրգանիզմին հրահանգներ ենք տալիս, թե ինչպես ճիշտ վարվել ալերգենի հետ՝ խուսափելով ալերգիկ ռեակցիայից», — բացատրել է DTU Bioengineering-ի դոցենտ Էսպերանսա Ռիվերա դե Տոռեն։
Պատվաստանյութի ազդեցությունը ստուգել են առողջ և ալերգիա ունեցող մկների վրա։ Առաջին դեղաչափից հետո առողջ մկների օրգանիզմում մեծ քանակությամբ պաշտպանիչ հակամարմիններ են առաջացել։ Երեքշաբաթյա ընդմիջումներով երեք դեղաչափ ստանալուց հետո մկներին ենթարկել են այդ ալերգենների ազդեցությանը։ Արձանագրվել է ուժեղ և լայն ընդգրկմամբ հակամարմնային պատասխան։ Ալերգիա ունեցող մկների մոտ նույնպես բարձրացել է պաշտպանիչ հակամարմինների մակարդակը՝ գրեթե առանց կողմնակի ազդեցությունների։ Սակայն փորձարկված դեղաչափերով պատվաստանյութը լիարժեք պաշտպանություն չի ապահովել անաֆիլաքսիայից՝ ծանր, կյանքին վտանգ սպառնացող ալերգիկ ռեակցիայից։ Ալերգիա ունեցող մարդկանց արյան նմուշներով լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստված մկների հակամարմինները կարող են նվազեցնել այդ նմուշներում ալերգիկ ռեակցիաները։ Սա, սակայն, դեռ չի նշանակում, որ պատվաստանյութը նույն ազդեցությունը կունենա մարդկանց օրգանիզմում։
Առայժմ աշխատանքը հաստատում է միայն մոտեցման իրագործելիությունը։ Հետազոտողները կատարելագործում են մՌՆԹ-ն օրգանիզմ հասցնելու համար նախատեսված լիպիդային բշտիկները և ծրագրում փորձարկումներ մկների ավելի մեծ խմբի վրա՝ ներարկումների հաճախականությունն ու դեղաչափերը հստակեցնելու նպատակով։ Նրանք նաև մշակում են մեկ այլ սինթետիկ ալերգեն՝ ուղղված մթերքների այլ խմբի, այդ թվում՝ խնձորի, գազարի և պնդուկի ալերգենների դեմ։ Գլխավոր նպատակը մարդկանց մասնակցությամբ պատվաստանյութի փորձարկման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ տվյալների հավաքումն է։










