Հարավային Կորեայի գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որը նպաստում է գլիոբլաստոմայի՝ գլխուղեղի ամենաագրեսիվ չարորակ ուռուցքներից մեկի աճին։ Հետազոտողները հայտնաբերել են նաև միացություն, որն ունակ է արգելափակելու այս մեխանիզմը և բջիջների ու մկների վրա կատարված փորձերում փոքրացնելու ուռուցքի չափերը։ Ստանդարտ քիմիաթերապևտիկ դեղամիջոցի հետ համակցելիս ազդեցությունը զգալիորեն ավելի ուժեղ է եղել, քան միջոցներից յուրաքանչյուրն առանձին կիրառելիս։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2026 թվականի հուլիսի 30-ին՝ International Journal of Biological Sciences ամսագրում։
Գլիոբլաստոման դժվար է բուժել՝ արագ առաջընթացի և կրկնության բարձր ռիսկի պատճառով։ Տեմոզոլոմիդով ստանդարտ քիմիաթերապիան հաճախ կորցնում է արդյունավետությունը. հիվանդների կեսից ավելիի մոտ քաղցկեղային բջիջները դեղամիջոցի նկատմամբ կայունություն են ձեռք բերում։
Կորեայի կենսագիտությունների և կենսատեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտի կենսաթերապևտիկ միջոցների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոնի գիտնականների խումբը՝ Թհե Սու Հանի գլխավորությամբ, հայտնաբերել է, որ NMUR2 սպիտակուցն առանցքային դեր է խաղում ուռուցքի աճի մեջ։ Հիվանդների հյուսվածքների վերլուծությունը ցույց է տվել, որ քաղցկեղային բջիջներում դրա քանակը զգալիորեն ավելի մեծ է, քան գլխուղեղի առողջ հյուսվածքում, ընդ որում՝ սպիտակուցի բարձր մակարդակը կապված է հիվանդության ավելի ագրեսիվ ընթացքի հետ։
Փորձերը հաստատել են, որ NMUR2-ի քանակի ավելացումն արագացնում է քաղցկեղային բջիջների բազմացումն ու տեղաշարժը, իսկ դրա մակարդակի նվազեցումը զգալիորեն դանդաղեցնում է դրանց աճը։
Հետազոտողները պարզել են, որ NMUR2-ը գործարկում է ներբջջային ազդանշանային շղթա՝ կապված կալցիումի իոնների արտազատման հետ։ Դա ակտիվացնում է STAT5 սպիտակուցը, որը պահպանում է բջջային բաժանման գործընթացների համար պատասխանատու PIM1 և FOXM1 գեների աշխատանքը։ Արդյունքում ուռուցքային բջիջները շարունակում են բազմանալու ազդանշան ստանալ։
Այս մեխանիզմն արգելափակելու համար գիտնականները ստուգել են 6331 միացությունից բաղկացած հավաքածու և հայտնաբերել խոստումնալից թեկնածու՝ NNC 05-2090-ը։ Այն կապվում է NMUR2-ի հետ և ճնշում ուռուցքի աճը խթանող ազդանշանների փոխանցումը։
Գլիոբլաստոմայի բջիջների և գլխուղեղի քաղցկեղի մկնային մոդելների վրա կատարված փորձերում միացությունը դադարեցրել է այս ազդանշանային շղթայի աշխատանքը և էապես փոքրացրել ուռուցքների չափերը։ Տեմոզոլոմիդի հետ միաժամանակ կիրառելիս հակաուռուցքային ազդեցությունը զգալիորեն ավելի ուժեղ է եղել, քան դեղամիջոցներից յուրաքանչյուրն առանձին կիրառելիս։
Հեղինակները NMUR2-ը դիտարկում են որպես բուժման նոր մեթոդների մշակման հնարավոր թիրախ։ Այս սպիտակուցը պատկանում է բջջաթաղանթի վրա տեղակայված ընկալիչների ընտանիքին, որոնց համար համեմատաբար հեշտ է դեղորայքային միացություններ ընտրել։ Բացի այդ, հետազոտությունը հիմնված է արդեն գոյություն ունեցող նյութի համար նոր կիրառություն գտնելու վրա. մոտեցում, որը կարող է կրճատել մշակման ժամանակն ու ծախսերը՝ համեմատած զրոյից դեղամիջոց ստեղծելու հետ։
Սակայն հիվանդ մարդկանց բուժման մեջ կիրառելուն դեռ երկար ճանապարհ է սպասվում։ Ըստ Հանի, հետագա հետազոտությունները պետք է օգնեն բարելավելու միացության՝ արյունաուղեղային պատնեշը հաղթահարելու ունակությունը և օպտիմալացնելու դեղամիջոցը ուռուցքին հասցնելը։ Արյունաուղեղային պատնեշը պաշտպանական համակարգ է, որը սահմանափակում է բազմաթիվ նյութերի անցումն արյունից գլխուղեղ։










