Ճապոնացի գիտնականները ստեղծել են ինքնակազմակերպվող մանրագույն մասնիկներ, որոնք CRISPR անունով «գենետիկ մկրատը» հասցնում են ուղիղ ուռուցքին։ Տոկիոյի գիտության ինստիտուտի մշակումը պաշտպանում է գեների խմբագրման գործիքն օրգանիզմում քայքայումից և այն ազատ է արձակում քաղցկեղային բջիջների ներսում։ Արդյունքները հրապարակվել են ACS Applied Materials & Interfaces գիտական ամսագրում։
CRISPR-Cas9 տեխնոլոգիան կարող է կետային ճշգրտությամբ փոխել գենոմի որոշակի հատվածներ, ինչի շնորհիվ այն համարվում է քաղցկեղի դեմ պայքարի հեռանկարային զենք։ Սակայն «մկրատն» ուռուցքին հասցնելը հեշտ չէ․ արյան մեջ դրանք արագ քայքայվում են և դժվարությամբ են հասնում անհրաժեշտ բջիջներին։ Գիտնականները Cas9-ը ուղղորդող ՌՆԹ-ի հետ միասին փաթեթավորել էին պաշտպանիչ համալիրում (RNP), սակայն դա բավականին փխրուն է եղել։
Այդ ժամանակ թիմը հավաքեց եռաբաղադրիչ նանոմասնիկ՝ Cas9 համալիրից, տանինաթթվից (բուսական ծագման բնական նյութ) և հատուկ պոլիմերից։ Թթուն ձևավորում է միջուկը, իսկ պոլիմերը դրա շուրջ ստեղծում է պաշտպանիչ թաղանթ։ Մոտ 30 նանոմետր տրամագծով մասնիկը (հազարավոր անգամ ավելի բարակ, քան մարդու մազը) պահպանվում է արյան հոսքում, իսկ բջջի ներսում՝ ավելի թթվային միջավայրում, թաղանթը քայքայվում է և ազատ արձակում «մկրատը»։
«Մեր մոտեցումը համատեղում է պարզ ջրային ինքնանստեցումը՝ արյան շրջանառության ընթացքում փխրուն RNP բեռի պաշտպանությամբ, ուռուցքում բարելավված կուտակմամբ և էնդոսոմներից pH-կախյալ ներբջջային արտազատմամբ»,- բացատրել է հետազոտության մասնակից, դոցենտ Յուտո Հոնդան։
Ուռուցքներով մկների վրա փորձարկումների ժամանակ մասնիկներն ավելի երկար են շրջանառվել արյան մեջ և ուռուցքում կուտակվել են ավելի լավ, քան «մերկ» Cas9 համալիրները։ Ուռուցքային հյուսվածքում անհրաժեշտ գենի խմբագրման հաճախականությունը հասել է 37,2%-ի՝ ազատ համալիրների 1,5%-ի դիմաց։ Իսկ PLK1 և KRAS գեներին թիրախավորող մասնիկները նկատելիորեն ճնշել կամ դանդաղեցրել են մկների ուռուցքների աճը։
«Համակարգային ներարկումից հետո ուռուցքային հյուսվածքում գենոմի էական խմբագրման հասնելը կարևոր քայլ է քաղցկեղի CRISPR-թերապիայի ներուժն իրացնելու ճանապարհին»,- նշում է Հոնդան։
Գիտնականներն ընդգծում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ կլինիկական պայմաններին ավելի մոտ մոդելներում հարթակի անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու համար։










