Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։

Գլխուղեղի ուռուցքները մանկական քաղցկեղի տարածվածությամբ երկրորդ տեսակն են և երեխաների ու դեռահասների շրջանում քաղցկեղից մահացության առաջատար պատճառը։

«Հետազոտությունը ցույց է տվել, որ բժշկական հետազոտությունների ընթացքում իոնացնող ճառագայթման ենթարկված երեխաների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը մնում է փոքր, սակայն այն աճել է ճառագայթման չափաբաժնի ավելացմանը զուգընթաց», — ասել է հետազոտության գլխավոր հեղինակ, UC Davis Health-ի պրոֆեսոր և կենսավիճակագրության բաժանմունքի ղեկավար Դիանա Միլյորետին։

Իոնացնող ճառագայթումը (ռենտգեն, ՀՏ, ՊԷՏ) կարող է փոփոխություններ առաջացնել բջիջներում և ԴՆԹ-ում, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի։ Երեխաների մոտ առավել հաճախ հետազոտվում է գլուխը, իսկ գլխի ՀՏ-ն գլխուղեղին տալիս է ճառագայթման զգալիորեն ավելի մեծ չափաբաժին, քան վիզուալ հետազոտությունների մյուս տեսակների մեծ մասը։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 3,7 մլն երեխա ԱՄՆ-ից և Կանադայի Օնտարիո նահանգից։ Նրանց հետևել են ծննդից ի վեր՝ միջինը 12,3 տարի, էլեկտրոնային բժշկական քարտերի հիման վրա գնահատելով գլխուղեղի ճառագայթման ընդհանուր չափաբաժինը։ Այս խմբում ախտորոշվել է գլխուղեղի ուռուցքի 1 536 դեպք, որոնց 55,7 տոկոսը՝ տղաների, իսկ դեպքերի մոտ երկու երրորդը (64,5 տոկոս)՝ 2-10 տարեկանների շրջանում։ Ուռուցքների մեծ մասը (82,5 տոկոս) դասվել է ագրեսիվ տեսակների շարքին։

Հսկողության ժամանակահատվածում երեխաների 4,3 տոկոսն անցել է գլխի մեկ ՀՏ հետազոտություն, 0,9 տոկոսը՝ երկու, 0,4 տոկոսը՝ երեք և ավելի։ Գլխուղեղի ուռուցք ունեցող երեխաների 1,6 տոկոսն անցել էր գլխի երկու ՀՏ հետազոտություն, 1,2 տոկոսը՝ երեք և ավելի։

Գլխի մեկ ՀՏ հետազոտությանը համարժեք ճառագայթային ազդեցությունը կապված է եղել գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկի 1,8 անգամ աճի հետ։ Դա համապատասխանում է մինչև 21 տարեկանը յուրաքանչյուր 10 հազար երեխայի հաշվով մոտ ութ լրացուցիչ ուռուցքի և գլխի յուրաքանչյուր 1266 ՀՏ հետազոտության հաշվով՝ մոտ մեկ լրացուցիչ ուռուցքի։ Ռիսկն աճել է ընդհանուր չափաբաժնի ավելացմանը զուգընթաց, ընդ որում՝ կապն ավելի ուժեղ է եղել ագրեսիվ ուռուցքների դեպքում։ Հետազոտողների գնահատմամբ՝ երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքների 10,1 տոկոսը կարող է կապված լինել բժշկական վիզուալ հետազոտություններից ստացած ճառագայթման հետ։

Գիտնականներն ընդգծում են. վիզուալ ախտորոշման հզոր գործիքները պետք է կիրառել պատասխանատվությամբ և կլինիկական ուղեցույցներին համապատասխան՝ կշռադատելով անմիջական օգուտն ու հետագայում քաղցկեղի զարգացման փոքր ռիսկը, հատկապես գլխի թեթև վնասվածքների դեպքում, երբ հետազոտությունը կարող է պարտադիր չլինել։